«Համաժողովներ հյուրընկալելու» տուրիզմը Հայաստանում հեռանկար ունի
Գործարար ու կորպորատիվ միջոցառումներն այլ երկրում կազմակերպելը նոր միտում է աշխարհում, զբոսաշրջության նոր, բայց արագ զարգացող ուղղություն։ Մեր երկրում տուրիզմի այդ տեսակը զարգացնելու համար օտարերկյա փորձագետների մասնակցությամբ Դիլիջանում կազմակերպվել է «Զբոսաշրջության տարածաշրջանային ֆորում»-ը։
Գործարար ու կորպորատիվ միջոցառում, համաժողով, ցուցահանդես․ սեփական երկրի փոխարեն դրանք արտերկրում կազմակերպելը տուրիզմի առանձին ուղղություն է, որը միջոցառումների հապավումից MICE անվանումն է ստացել:
Դրա օրինակներից է Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» տարեկան համաժողովը հյուրընկալելը:
Տուրիզմի նոր տեսակի աշխարհագրությունը մեր երկրում մեծացնելու համար GreenRock մենեջմենթ գրուպը և Զբոսաշրջության կոմիտեն հոկտեմբերի 26-27-ին Դիլիջանում կազմակերպել էին քննարկումներ։
«Ռադիոլուրի» հետ զրույցում հրավիրյալ փորձագետներից Ֆլորենցիայի ամերիկյան համալսարանի դասախոս Սալվատորե Պրոկոպիոն զարգացմանը նպաստող գործոն է նշում հայկական հյուրընկալությունը։
«Դուք գտնվում եք աշխարհագրական կենտրոնացված դիրքում, բացի դրանից, ձեր բնավորության գծերից ելնելով, այստեղ զբոսաշրջիկն իրեն լավ է զգում։ Մենք անընդհատ խոսում ենք ֆիզիկական ենթակառուցվածքների մասին, ինչպիսիք են օդանավակայանը, ճանապարհները, բայց զբոսաշրջության այս տեսակի համար մարդկանց ցանցի կառուցումը կարող է տեխնիկապես բարձրացնել դրա արժեքը»:
Հարցին՝ արդյո՞ք իրատեսական է, որ գործարար տուրիզմի առումով Դիլիջանը մրցակցի, օրինակ, շվեյցարական հայտնի Դավոսի հետ, հյուրընկալության ոլորտի իտալացի զրուցակիցս պատասխանում է․
«Նրանց առավելությունն այն է, որ Դավոսը գործարարներին սկսել է ընդունել շատ վաղուց։ Նրանք շատ լավ են հյուրընկալում մարդկանց, բայց դա անում են տեխնիկական մոտեցման հիման վրա: Երկարաժամկետ հեռանկարում մրցակցություն հնարավոր է։ Պետք է կենտրոնանալ մարդկային ու ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացման վրա»։
Անաստասիա Պոպովան «Մոսկվայի զբոսաշրջության և հյուրընկալության» գրասենյակի փոխտնօրենն է, առաջին անգամ է Հայաստանում, Երևանից Դիլիջան հասնելիս հիացել է Սևանա լճի և լեռների տեսարաններով։ Շեշտում է՝ Հայաստանում MICE զբոսաշրջության աճ գրանցելու համար չպետք է կենտրոնանալ միայն Երևանի վրա։
«Կարևոր է մշակել նման զբոսաշրջիկներին առաջարկվող պրոդուկտը։ Եթե առաջարկում եք միայն Երևանը, հավանաբար այն այցելուին կհետաքրքի 3 օր, ինչպես մյուս բոլոր քաղաքները։ Դրա համար մարզերի հետ հարկավոր է կազմել համատեղ փաթեթներ»։
Հայաստանի Ամերիկյան համալսարանի հյուրընկալության և զբոսաշրջության մագիստրատուրայի ծրագրի տնօրեն Զարմինե Զեյթունցյանը մանրամասնում է՝ Հայաստանում շատ տուրօպերատորներ արդեն իսկ կազմակերպում են խմբային բիզնես ուղղվածության տուրեր։ Խնդիրը միայն ենթակառուցվածքների ոչ բավարար լինելն է։
«Օրինակ՝ մենք չունենք մեծ էքսպո կենտրոն, որտեղ կա և՛ հյուրանոց, որտեղ 1000 հոգի կարող է տեղավորվել, և՛ կան հատուկ դահլիճներ։ Բայց եթե դու ուզում ես շատ կարևոր էքսպո ցուցահանդեսներ, մեծ կոնֆերանսներ բերել, այդ ենթակառուցվածքների թերի լինելը թույլ չի տալիս և հաճախ մի ուրիշ երկիր է շահում»։
Հյուրընկալության ոլորտի մասնագետն անկեղծանում է՝ հայաստանյան տուրօպերատորները ստեղծագործ մոտեցում են ցուցաբերում․ օտարերկրյա գործարար խմբերի՝ մեծ լինելու դեպքում հյուրերին տարբեր հյուրանոցներում են տեղավորում։
Գործարար զբոսաշրջիկի այցից կարելի է կրկնակի արդյունք ստանալ․ բացի գումար ծախսելուց, նա կարող է ներդրումներ կատարել երկրում: