Քամալա Հարիսը քարոզարշավն ավարտել է Ֆիլադելֆիայում, Դոնալդ Թրամփը՝ Միչիգանում
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը քարոզարշավի վերջին օրը Փենսիլվանիայում և չկողմնորոշված մյուս նահանգներում նոյեմբերի 5-ի ընտրություններում իրենց հաղթանակ են կանխատեսել։
Ըստ AdImpact վերլուծական ընկերության, մարտ ամսից ավելի քան 2,6 միլիարդ դոլար է ծախսվել ընտրողներին կողմնորոշելու համար: Սակայն սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ 78-ամյա Թրամփի ու 60-ամյա Հարիսի աջակիցները գրեթե հավասար են: Երեքշաբթի օրվա քվեարկությունից հետո հաղթողը կարող է օրերով հայտնի չլինել, թեև Թրամփն արդեն ազդարարել է, որ պարտվելու դեպքում կպայքարի, ինչպես դա արել է 2020 թվականին։
Երկու թեկնածուներն էլ երկուշաբթի օրը Փենսիլվանիայում կոչ են արել կողմնակիցներին մասնակցել քվեարկությանը՝ ներկայանալով ընտրատեղամասեր:
Թրամփը վերջին օրը քարոզարշավ է անցկացրել Հյուսիսային Կարոլինայում, Փենսիլվանիայում և Միչիգանում և վերադարձել է Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում գտնվող իր տունը՝ քվեարկելու և սպասելու ընտրությունների արդյունքներին:
Հարրիսը ծրագրել է հինգ նախընտրական կանգառ Փենսիլվանիայում, ներառյալ երկու քաղաքներ, որտեղ նաև Թրամփն է այցելել ՝ Ռեդինգ և Պիթսբուրգ: Նա կարճ հանրահավաք է անցկացրել Պիտսբուրգում, որտեղ նվագել է փոփ աստղ Քեթի Փերին: Նախագահի դեմոկրատ թեկնածուն օրն ավարտել է Ֆիլադելֆիայում, որտեղ նրան աջակցելու են եկել Լեդի Գագան և Օփրա Ուինֆրին:
Պիտսբուրգում Թրամփն ասել է, որ չորս տարի սպասել են այս օրվան, խոսել է տնտեսական թեմաներից՝ ասելով, որ Հարիսը տնտեսական թշվառություն կբերի, եթե ընտրվի:
Ըստ Դեմոկրատական TargetSmart վերլուծական ընկերության ղեկավար Թոմ Բոնիերի՝ վաղաժամ քվեարկությունը ցույց է տվել բարձր ոգևորություն հատկապես կանանց շրջանում, որոնք նախապատվություն են տալիս դեմոկրատակներին: Մինչդեռ երիտասարդ տղամարդկանց շրջանում նման միտում չկա։
Թրամփի նախընտրական շտաբի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք հետևել են վաղաժամ քվեարկության արդյունքներին․ դրանք ցույց են տալիս, որ ավելի շատ կանայք են քվեարկել, քան տղամարդիկ: Իսկ սա կարևոր է, քանի որ ըստ Reuters/Ipsos-ի հոկտեմբերի հարցման՝ կին ընտրողների շրջանում Հարիսն առավելություն ունի Թրամփի նկատմամբ, նրան վստահում է 50%-ը, Թրամփին՝ 38%-ը։ Մինչդեռ Թրամփը տղամարդկանց շրջանում 48%-ով առաջատար է, Հարիսն ունի 41%։
«Տղամարդիկ պետք է քվեարկեն»,- X սոցիալական հարթակում գրել է Թրամփի աջակից Իլոն Մասկը։
Թրամփի նախընտրական շտաբի պաշտոնյան ասել է, որ իրենք կարծում են, որ հանրապետականը կհաղթի Հյուսիսային Կարոլինան, Ջորջիան և Արիզոնան, սակայն Սպիտակ տան համար պայքարում հաղթանակ կպահանջվի նաև այնպիսի չկողմնորոված նահանգներից մեկում, ինչպիսիք են Միչիգանը, Վիսկոնսինը կամ Փենսիլվանիան :