Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը դեռ չի ծանոթացել խաղաղության պայմանագրին: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողերի հետ զրույցում հայտնեց նախարարը:

«Դեռ չեմ հասցրել ծանոթանալ, որովհետև սա իմ աշխատանքային երրորդ օրն է։ Ծանոթանալ չեմ հասցրել, բայց ստանձնել եմ պատասխանատվություն նաև ապահովելու այդ խաղաղության ողջ գործընթացի իրավական ուղեկցումը, իրավական ապահովումը»,- ասաց նա:

Գալյանը վստահեցրեց՝ ամբողջովին կիսում է իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը «իրական Հայաստանի» վերաբերյալ և ստանձնել է պատասխանատվություն՝ իրականացնել  ողջ գործընթացի իրավական ապահովում:

Հարցին՝ ասում եք՝ կիսում եք ամբողջությամբ Փաշինյանի վարած քաղաքականությունը, օրինակ, կիսո՞ւմ եք, որ Հայաստանը պետք է ճանաչեր Ադրբեջանի  տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, նա պատասխանեց.

«Ես խոսում եմ խաղաղության օրակարգի մասին, որի մասին պարոն վարչապետը շատ հասկանալի, պարզ մեկնաբանություններ է տվել իր հարցազրույցներում: Այդ գաղափարներն ամբողջությամբ, այո՛, կիսում եմ»:

Ինչ վերաբերում է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն Գալյանն ասաց, որ  մեր պետությունը բավականին բարդ ճանապարհով է անցել, և մեզանից որևէ մեկը 5,6,7 կամ շատ տարիներ առաջ գուցե չկարողանար կանխատեսել այն խնդիրը, որի մեջ մենք հայտնվելու ենք այսօր։

«Այժմյան պայմաններում, այսօր, այստեղ ես հավատում եմ իրական Հայաստանի գաղափարին և կարծում եմ, որ մենք բոլորս, այդ թվում ես, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք ապահովել խաղաղ և անվտանգային միջավայր մեր երկրում»,- շեշտեց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն