Գազայի հյուսիսում իսրայելական հարվածի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
Պաղեստինցի բժիշկները հայտնել են, որ իսրայելական հարձակման հետևանքով կիրակի լուսադեմին Գազայի հյուսիսում գտմվող Ջաբալիա բնակավայրում տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել: Բնակիչները հայտնել են, որ հարձակման ենթարկված շենքում եղել է առնվազն 30 մարդ:
Պաղեստինյան պաշտոնական WAFA լրատվական գործակալությունը և ՀԱՄԱՍ-ի լրատվամիջոցները նշում են, որ զոհվածների թիվը հասել է 32-ի:
Իսրայելը հայտարարել է, որ ուժեր է ուղարկել անկլավի հյուսիսային հատված՝ Ջաբալիա, Բեյթ Լահիա և Բեյթ Հանուն՝ այնտեղից հարձակումներ իրականացնող ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պայքարելու և նրանց վերախմբավորումը կանխելու համար:
Գազա քաղաքում կիրակի օրը իսրայելական ավիահարվածի հետևանքով Սաբրա թաղամասում գտնվող տանը սպանվել են սոցիալական ապահովության նախարարության պաշտոնյա Վաել Ալ-Խուրին և նրա ընտանիքի յոթ անդամները, հայտնել են բժիշկներն ու հարազատները:
Իսրայելական զինվորականներն էլ հայտնել են, որ ուսումնասիրում են Ջաբալիայում և Սաբրա թաղամասում հարվածների մասին հաղորդագրությունները:
Երկու հակամարտող կողմերի միջև հրադադար կնքելու ջանքերը կանգ են առել: ՀԱՄԱՍ-ը ցանկանում է պայմանագիր կնքել, որով վերջ կդրվի պատերազմին, մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասում է, որ պատերազմը կդադարի միայն ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո:
Կատարը, որը Եգիպտոսի և ԱՄՆ-ի հետ միասին ձգտում է հրադադարի շուրջ բանակցություններ վարել, ՀԱՄԱՍ-ին և Իսրայելին հայտնել է, որ դադարեցնում է իր ջանքերը, մինչև երկու կողմերը «պատրաստակամություն և լրջություն» կցուցաբերեն բանակցությունները վերսկսելու հարցում։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը:
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի կողմից պաշտոնական արձագանք դեռ չի եղել: