Բրազիլիայում G20-ի գագաթնաժողովից առաջ՝ պայթյուններ Գերագույն դատարանի շենքի մոտ
Նոյեմբերի 18-ին Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովի բացումից մի քանի օր առաջ Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում չորեքշաբթի երեկոյան, Գերագույն դատարանի շենքի մոտ երկու պայթյուն է որոտացել։
Նախնական տեղեկություններով՝ անհայտ տղամարդը փորձել է մտնել դատարանի շենք։ Երբ անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են նրան, տղամարդն իրեն պայթեցրել է մուտքի մոտ։ Դրանից 20 վայրկյան առաջ էլ պայթյուն է որոտացել մոտակայքում կայանած մեքենաներից մեկում, որը, ըստ հետաքննության, պատկանել է հարձակվողին, հայտնում է Reuters-ը։
Բրազիլիայի գլխավոր դատախազ Ժորժի Մեսիասը տեղի ունեցածը սոցիալական ցանցերում «հարձակում» է անվանել։ Իսկ դաշնային շրջանի փոխնահանգապետ Սելինա Լեաոն կարծում է, որ դա ինքնասպանություն է, քանի որ միայն մեկ զոհ կա: Դեպքի հանգամանքների և դրդապատճառների հետաքննությունը շարունակվում է։