Փարիզի դատախազությունը Մարին Լը Պենի համար պահանջում է 5 տարվա ազատազրկում
Փարիզի դատախազությունը պահանջել է ծայրահեղ աջակողմյան ֆրանսիական «Ազգային միավորում» (նախկինում՝ «Ազգային ճակատ») կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին դատապարտել հինգ տարվա ազատազրկման, որից երեքը՝ պայմանական: Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտնել Է BFM TV հեռուստաալիքը:
Եթե դատարանն ընդունի մեղադրանքները, 56-ամյա Լը Պենը նաև չի կարողանա մասնակցել 2027 թվականին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրությանը, քանի որ նրան կարգելվի նույն ժամկետով զբաղեցնել պետական պաշտոններ։ Մեղադրող կողմը նաև պահանջել է կուսակցությանը տուգանել երկու միլիոն եվրոյով։
Մարին Լե Պենի գլխավորությամբ Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային միավորման» ղեկավարության գործով դատավարությունը սկսվել է սեպտեմբերի 30-ին՝ Փարիզի քրեական դատարանում: Լը Պենը և կուսակցության ավելի քան 20 ներկայացուցիչ մեղադրվում են Եվրամիության միջոցները հափշտակելու և Եվրախորհրդարանի պատգամավորների օգնականներին կեղծ աշխատանքի ընդունելու միջոցով կուսակցությունը գաղտնի ֆինանսավորելու համար: Այդ մեղադրանքով առավելագույն պատիժը մինչև տասը տարվա ազատազրկումն է։ Ընդհանուր վնասը գնահատվել է մոտ 7 մլն եվրո։