Թրամփի կաբինետում հայամետներ ունենալը չունենալուց լավ է, բայց վերլուծաբանը հորդորում է մեծ հույսեր չտածել
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դեռ պաշտոնավարման չանցած, արդեն իր նոր վարչակազմի ձևավորվմանն է անցել։ Նշվող անձանց թվում մի շարք հայամետ գործիչներ կան։ Փորձագետները զգուշավոր են ԱՄՆ նոր նախագահի շուրջ հայամետների առկայության հարցում լավատեսություն հայտնելու առումով, քանի որ դեռ պարզ չէ, թե նոր ձևավորվող վարչակազմում որքան կլինի ոչ հայամետների թիվը։
Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մինչև 2025թ հունվարի 20-ը՝ իր պաշտոնավարման մեկնարկը, արդեն սկսել է իր կաբինետի ձևավորման աշխատանքը։ Մամուլի որոշ հրապարակումներում հայամետ գործիչների անուններ են շրջանառվում, որոնք կարող են տեղ գտնել նոր վարչակազմում։
Վերջին տվյալներով հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռոբերտ Քենեդի Կրտսերին կնշանակի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար։
X-ի իր միկրոբլոգում Թրամփը գրում է․ «Բոլոր ամերիկացիների անվտանգությունն ու առողջությունը ցանկացած վարչակազմի ամենակարևոր գործն է, և Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը մեծ դերակատարում ունի՝ ապահովելու, որ բոլորը պաշտպանված լինեն վնասակար քիմիական նյութերից, աղտոտող նյութերից, թունաքիմիկատներից, դեղագործական արտադրանքներից և սննդային հավելումներից, որոնք նպաստել են երկրում առողջապահական ահռելի ճգնաժամին»։
Ավելի ուշ, ըստ Reuters-ի, Թրամփն իր նստավայրում ելույթի ժամանակ գովել է Քենեդիին, նշելով, որ նա իր նոր պաշտոնում «անհավատալի» բաներ կանի։
Թրամփն ամերիկացիներին վստահեցրել է, որ Քենեդի Կրտսերը կվերականգնի գիտական հետազոտությունների ավանդույթը, վերջ դնելով քրոնիկ հիվանդությունների համաճարակին՝ Ամերիկան կրկին հզոր և առողջ դարձնելու համար:
Ռոբերտ Քենեդի Կրտսերը 70 տարեկան է։ Նա ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի եղբորորդին է։ Մինչ Թրամփին սատարելը, նա, որպես անկախ թեկնածու, իր հրապարակային հայտարարություններում աչքի էր ընկնում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում միջազգային հանրությանը մոբիլիզացնելու մասին շեշտադրումներով, որպեսզի հնարավոր լինի ապահովել հայերի վերադարձը Արցախ։
Նա միակ հայամետ գործիչը չէ Թրամփի նախանշվող նոր վարչակազմում։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Թուլսի Գաբարդին Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին։
Իսկ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նա առաջադրել է սենատոր Մարկո Ռուբիոյին։ Նրանք ևս հայամետ գործիչներ են համարվում։
«Ռադիոլուրի» հետ զրույցում «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը հայերի մոտ առկա լավատեսության հարցում մի նուրբ հիշեցում է անում․
«Թրամփի առաջարկությունից հետո սենատը պետք է վավերացնի այդ պաշտոնները, որոշ անհատներ կասկածելի է՝ կվավերացվեն, թե ոչ։ Մեր ժողովուրդը պետք է մեծ հույսեր չունենա, չմտածի թե ինչ-որ բան փոխվելու է, որովհետև չգիտենք, թե ինչ պետք է լինի, երբ Թրամփը նախագահ լինի, որովհետև, երբ չորս տարի առաջ նախագահ էր, ամեն տեսակի խոստումներ տալիս էր, հայտարարություններ էր անում, և մեծ մասը անիմաստ էր։ Հիմա էլ մենք չենք կարող իմանալ, թե ինչ պիտի անի, որովհետև ինքը չգիտի, թե ինչ է անելու, որ մենք իմանանք:»
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով Թրամփի նոր ձևավորվող կաբինետում ներգրավվող անձանց դիրքորոշումներին, Ֆեյսբուքում գրում է, որ Թրամփի ապագա վարչակազմը շատ արագ է ձևավորվում։ Նախանշվում են հիմնական արտաքին քաղաքական մոտեցումները: Կան նաև հայամետ գործիչներ․
«Պետքարտուղարի թեկնածուն սենատոր Մարկո Ռուբիոն է, Վաշինգտոնում Չինաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշման կողմնակիցներից մեկը: Կոշտ վերաբերմունքով Համասի նկատմամբ և Իսրայելին աջակցելու ջատագով: Ռուբիոն լավ կապեր ունի հայկական համայնքի և կազմակերպությունների հետ: Ժամանակին բազմիցս արտահայտվել է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին»:
Թրամփի վարչակազմում Պաշտպանության քարտուղարի թեկնածուն Փիթ Հեգսեթն է, որը , ըստ ամերիկագետի, Իրանի նկատմամբ ընդգծված կոշտ վերաբերմունքի կողմնակից է, Մերձավոր Արևելքում պրո-Իսրայելական քաղաքականության ջատագով:
Անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածու կոնգրեսական Մայք Ուոլցն էլ, ըստ Սուրեն Սարգսյանի, Չինաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշման կողմնակիցներից մեկն է: Բազմիցս արտահայտվել է Թուրքիայի և Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին։
Ջոն Ռաթքլիֆը կղեկավարի ԿՀՎ–ն: Նա նույնպես Չինաստանի դեմ կոշտ քաղաքական գծի կողմնակիցներից է:
«Իլոն Մասկը և հայամետ Վիվեկ Ռամասուամին կղեկավարեն գործադիրի արդյունավետ աշխատանքի կազմակերպման դեպարտամենտը: Ամենից պրոհայկական գործիչ Թուլսի Գեբարդը կղեկավարի Ազգային հետախուզությունը: Նա փաստացի ղեկավարում և համակարգում է 18 հետախուզական գործակալություն: Համատեղության կարգով նախագահի գլխավոր խորհրդականն է հետախուզության գծով»:
Ամերիկագետը հիշատակում է նաև հայամետ գործիչ Ռոբերտ Քենեդիին հուշելով, որ հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, լոբիստների և եկեղեցու համար նոր հորիզոններ են բացվում հայկական օրակարգը առաջ մղելու հարցում։
Հարութ Սասունյանի համոզմամբ՝ հայամետ գործիչների առկայությունը Թրամփի վարչակազմում նոր հնարավորություն է՝ աշխատելու նրանց հետ․
«Ավելի լավ է ունենալ հայամետ մարդիկ Թրամփի շրջանակում, քան թե չունենալ: Ուրախ եմ, որ ունենք այդ մարդիկ, բայց այդ մարդիկ ազատ չեն անելու ինչ-որ իրենք ուզում են անել, հայամետ լինեն, թե հակահայ լինեն, իրենց դիրքորոշումը այդքան էլ մեծ արժեք չունի, որովհետև այնտեղ նստելու է մի մարդ, միակ մարդը Թրամփն է, նախագահն է, ինքն է որոշելու ամեն ինչ։ Մյուսները անելու են այն, ինչ ինքը հրահանգում է։ Հուսանք, կկարողանան ինչ-որ փոքր բաներ անել, բայց նորից մեծ հույսեր չկապենք, որ հուսախաբ չլինենք»։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ, անդրադառնալով Թրամփի կաբինետի ձևավորմանը, տելեգրամում գրում է, որ հայ հանրությունը «հաշվում» է Թրամպի վարչակազմում տարբեր պաշտոնների նշանակվող «հայամետների» և հումորով նկատում, թե տպավորություն է, որ Թրամպը ձևավորում է ոչ թե ԱՄՆ, այլ Հայաստանի կառավարություն և ադմինիստրացիա։
Հարցը, ըստ նրա, այն է, որ եթե որևէ գերտերության քաղաքականության ձևավորման հարցում «մետությունը» լինի շատ, թե քիչ նշանակություն ունեցող հանգամանք, ապա կնշանակի, որ այդ գերտերությունն այլևս չկա՝ դե ֆակտո:
«Հետեւաբար, ըստ իս, ելակետը թերևս հետեւյալն է՝ ԱՄՆ կա՞, որպես գերտերություն, թե՞ չկա: Եթե մենք համարում ենք, որ ԱՄՆ որպես գերտերություն այլևս չկա, այդ դեպքում, իհարկե, ազատ ենք ցանկացած չափորոշիչի ընտրության հարցում, այդ թվում՝ «հայամետի»: Միայն թե այդ դեպքում պետք է նաև վարենք ԱՄՆ-ում, օրինակ, այլ «մետերի» հաշվապահություն, որպեսզի հասկանանք, թե տեսակարար կշռով որքա՞ն են «հայամետները»՝ «այլ մետների» համեմատ, որոնք կարող են կանխորոշել մեզ համար անբարենպաստ քաղաքականություն»:
Վերլուծաբանի կարծիքով՝ հայ-ամերիկյան հարաբերության հիմնարար խորացման համար անհրաժեշտ են լինելու ԱՄՆ հենց ներքին խնդիրներն ու տրանսֆորմացիոն հրամայականները դիտարկելու, դրանց հանդեպ նոր ադմինիստրացիայի ընկալումները և մոտեցումները արձանագրելու նոր չափորոշիչներ: