Կառավարության ղեկավարը դժգոհ է ուժային կառույցների աշխատանքից
Դատաիրավական համակարգում ներդրումներ են կատարվել, որոնց արդյունքը քաղաքացիները պետք է տեսնեն՝ կառավարության նիստում հայտարարելէ Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համակարգի կարիքները հիմնականում բավարարվել են, բայց դեռ շարունակվում են, օրինակ, երկար տարիներ ձգվող դատավարությունները: Գործադիրը հաստատել է Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը։
Ծառայությունների որակի բարելավում, նախարարության և ոստիկանության միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդում, ոստիկանության կառավարման սխեմայի և ֆունկցիոնալի ավարտական տեսք, ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցման ներդրմամբ։ Այս գործոններով պայմանավորված՝ ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունն և 2024-2026 թվականների կտրվածքով գործողությունների ծրագիրը հաստատված է։
«Նախագծով հասցեագրվում են այնպիսի առանցքային ուղղություններ, ինչպիսիք են ոստիկանության կառուցվածքի և ֆունկցիոնալի ավարտական տեսքի ապահովումը, աշխատատեղերի համար նորացված նկարագրի սահմանումը, ոստիկանության արտաքին տեսքի նկարագիրը միասնական տեսքի բերելը, ենթակառուցվածքի, տեխնիկական հագեցվածության լավարկումը, նախարարության և ոստիկանության կապի ամրապնդումը»։
Նախատեսվում է հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման 1.12 կենտրոն ստեղծել, որի շրջանակներում առանձին հեռախոսահամարներով 9.11, 1.02, 1.03 զանգերի սպասարկումը կդադարեցվի, և քաղաքացին 2026 թվականից իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով։ Ոստիկանության մարզային բաժիններին ու քաղաքային վարչություններին փոխարինելու է նոր համակարգ։ Բոլոր մարզերում երեք հիմնական կառույց կա՝ ամեն մարզում գործում է քրեական ոստիկանությունը, զուգահեռ ներդրվել է համայնքային ոստիկանության ինստիտուտը, որի օպերատիվ հատվածը զբաղվում է ոչ ծանր հանցանքների օպերատիվ սպասարկմամբ, քաղաքաքացիական մի շարք գործառույթներ է իրականացնում։ Հաջորդը պարեկային ոստիկանությունն է։
Այդ բոլոր կառույցները ենթարկվում են ոստիկանության հանրապետական ղեկավարությանը՝ հստակեցնում է Փաշինյանը։ Հաջորդ տարվանից էլ կսկսի նաև ոստիկանության գվարդիան աշխատել։
Ոստիկանությունում սկսված բարեփոխումներին անդրադառնալով, վարչապետն ընդգծում է՝ ուժային կառույցներն այն կառույցներն են, որոնք պետք է ուժ կիրառելու հնարավորություն ունենան, բնականաբար, օրինական, լեգիտիմ:
«Իրավապահ համակարգին տրվել է անհրաժեշտ ամեն բան՝ արդյունավետ աշխատանքի համար, բայց արդյունք չեմ տեսնում։ Մարդիկ չեն հավատում, որ բոլոր բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրում, իմ ամենամեծ պրոբլեմն այդտեղ է։ Սա լրջագույն քաղաքական խնդիր է։ Ես չեմ ուզում հասնենք նրան, որ մենք էլի գնանք ու շենքեր շրջափակենք, այս խնդիրը պետք է լուծվի։ Ով ճռռիկ-վռռիկ է արել, շարունակում է նույնն անել»։
Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝ 2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ էր եղել, այդ մասով իր ելույթի ժամանակ ասել էր, որ ոստիկանությունը պետության ողնաշարն է, և չի կարելի ոստիկանությանը թիրախավորել իր ծառայության համար: Սա և՛ նախկինում, և՛ այժմ։
Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանն էլ, համակարգային խնդիրներն ամփոփելով, ընդգծում է՝ արտոնյալներ չպետք է լինեն, անկախ նրանից, թե ովքեր են․
«Ես տեսնում եմ շատ լուրջ տարբեր իրավասու մարմինների մոտ պրոֆեսիոնալիզմի, տարբեր հարցերի վերաբերյալ հմտությունների պակասի խնդիր, որի առնչությամբ անընդհատ խոսել եմ և հիմա էլ եմ խոսում, արձանագրում: Ավելին ասեմ, կարծում եմ, որ խնդիրների մի մասը բխում է հենց այն հանգամանքից, որ շատերը ընդհանրապես չունեն պատշաճ գիտելիքներ և հմտություններ տարատեսակ ոլորտներում»։
Ամփոփելով թեման, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ չի կարող այսպես շարունակվել։
«Ուժային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է։ Որ գյուղ գնամ մտնեմ, էլի նույն բաներից խոսե՞ն, որ էն ժամանակ էլ էին, հիմա էլ են իրարից վախենում։ Ու ստացվի, որ Հայաստանում թույլ իշխանություն է։ Կներեք, ուրեմն թույլը ուժային կառույցներն են»։
Վերջում վարչապետը հայտարարեց՝ այլևս խորհրդակցություններ չի անցկացնելու, կայացնելու է որոշումներ։