Քննարկվել է «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի վավերացմանն առնչվող հարցը
«Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքվել է 2024 թվականի մայիսի 14-ին:
Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 10,000,000 եվրոյի չափով վարկային միջոցներ` Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում գտնվող 7.7 հա հողատարածքում իրականացնելու մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցումն ու դրա տեխնիկական ապահովումը:
Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ հիմնադրամից կտրամադրվի նաեւ 2 մլն եվրո դրամաշնորհ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի դիտարկմամբ կենտրոնի առկայությունը հնարավորություն կտա մեկ վայրում իրականացնելու արդյունավետ մաքսային հսկողություն:
«Սա ենթադրում է «Մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական ներմուծում եւ իրականացում, քանի որ այս կետում նաեւ առկա են լինելու բոլոր այն մարմինները, որոնք մաքսազերծման ընթացքում տրամադրում են թույլտվություններ կամ այլ անհրաժեշտ փաստաթղթեր»,- ընդգծել է զեկուցողը:
Նա փաստել է, որ ներկայումս Սիսիանի մաքսատանը մաքսազերծվում է Հարավային մաքսակետով անցնող ապրանքների շուրջ 70 տոկոսը:
Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է փաստաթղթի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նիստում վերսկսվել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախաձեռնության վերջնական տարբերակը: Նախարարի խոսքով շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաների ներդնումը հնարավոր դարձնելու նպատակով առաջարկվում է 2024 թվակաի պետբյուջեում կատարել որոշակի փոփոխություններ:
Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որի հեղինակը Կառավարությունն է:
Նախատեսվում է սահմանել լիազորող նորմ, որով գործադիրը հնարավորություն կունենա երրորդ երկրներից ՀՀ տարածքով տարանցիկ, ինչպես նաեւ դեպի ՀՀ տարածք բեռնափոխադրումների ժամանակ փոխադարձության սկզբունքով արտոնություններ սահմանել:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը չի փոփոխվել: Այն քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:
Նախաձեռնությունները քննարկվել են նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում: