Նոյեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Այս մասին տեղեկացնում են Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցչությունից:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Պապիկյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու ԵԽ-ի հետ համագործակցության օրակարգը։ Մշտական ներկայացուցիչը կարևորել է ԵԽ-Հայաստան 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի իրականացումն ու ԵԽ օժանդակությունը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի համատեքստում դեսպան Պապիկյանը նշել է, որ Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև վստահության ամրապնդման ուղղությամբ, և ընդգծել այդ հարցում միջազգային գործընկերների աջակցության ու ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։

Շնորհավորելով մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն արդյունավետ աշխատանք է մաղթել նրան՝ ի նպաստ Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջև առկա ամուր կապերի առավել ամրապնդման և զարգացման։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն