Ամենապահանջված մասնագիտությունը՝ անվճար․ «42 Երևան» միջազգային ծրագրավորման դպրոցը հայտեր է ընդունում
Արդեն 4 տարի գործող Թումո ԵՄ համալիրի մաս կազմող «42 Երևան» միջազգային դպրոցը ծրագրավորման դասեր է առաջարկում, որոնց մասնակցելու միակ նախապայմանը 18 տարին լրացած լինելն է։ 2013 թ.-ին դպրոցը հիմնադրվել է Փարիզում, ապա տարածվել ամբողջ աշխարհում․ այս պահին 50-ից ավելի կամպուսներ կան տարբեր երկրներում։ Դասընթացն անվճար է, համալիրն աշխատում է 24 ժամ 7 օր ժամանակացույցով։ Դպրոցի ընդունելության նոր շրջափուլը մեկնարկում է նոյեմբերի 25-ին։
Ամենապահանջված մասնագիտության՝ ծրագրավորման անվճար ուսուցում հնարավոր է «42 Երևան» դպրոցում։ Ուսանող դառնալու համար ծրագրավորման ոլորտում գիտելիքների, դիպլոմների ու փորձի առկայությունը պարտադիր չէ: Ուսանողից պահանջվում է միայն լինել նվազագույնը 18 տարեկան և հաջողությամբ անցնել առցանց տրամաբանության թեստը։ «42 Երևանը» գործում է Peer to peer այսինքն, ընկեր՝ ընկերոջ հետ կրթական ձևաչափով։ Դպրոցի ուսանողների առաջադիմության ղեկավար Անահիտ Սայադյանը բացատրում է մեթոդի առավելությունը․
«Ուսանողները միշտ հետաքրքրված են՝ ո՞րն է Peer to peer սովորելու ձևաչափի առավելությունները։ Քանի որ այն շատ տարածված չի, համեմատաբար նոր մեթոդիկա է, մարդիկ գուցե մի փոքր սկեպտիցիզմով մոտենան, բայց այս 4 տարիների ընթացքում տեսել ենք՝ ինչ հրաշալի մեթոդ է ու, ամենակարևորը՝ աշխատում է։ Դրա միջոցով, երբ գիտելիք ես ստանում, դու փոխանցում ես մյուսին, այսինքն՝ պատմում ես, անընդհատ բացատրում ես ուրիշին, դրա միջոցով քո գիտելիքներն ամրապնդում ես, նաև փոխանցում ուրիշին, որը սովորում է քեզնից, հետո, իր նախագիծն անելով, ամրապնդում է իր գիտելիքները ու փոխանցում է մյուսին»։
«42 Երևան» դպրոցում ուսումը կարող է տևել 8 ամսից մինչև 24 ամիս։ Հիմնական փուլի ընթացքում ուսանողները ձեռք են բերում հինարար գիտելիքներ ծրագրավորման ոլորտում, իսկ հետո արդեն կարող են մնալ ուսանող այնքան ժամանակ, որքան ցանկանում են։ 2-րդ փուլում կարող են ընտրել կոնկրետ մասնագիտացում՝ կիբերանվտանգություն, արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, վեբ և մոբայլ ծրագրավորում կամ խաղերի ստեղծում։ Ուսանողները կարող ընտրել մեկը կամ բոլորը․
«Արդեն 4 ուսանողական հոսք ենք ունեցել, այս պահին մոտավոր 200 ակտիվ ուսանողներ ունենք, որոնցից 100-ն ավարտել են հիմնական իրենց ուսումը։ Այն մարդկանցից, ովքեր ավարտել են հիմնական փուլը մոտ 85 %-ն այս պահին աշխատում են ՏՏ ոլորտում, այնպիսի մեծ և հրաշալի ընկերություններում, ինչպիսին են, օրինակ, NVIDIA-ն, «Synopsys»-ը, «Sperasoft»-ը, «Aline»-ը, այսինքն՝ ուսանողները եկել են, սովորել և դրանից հետո կարողացել են աշխատանքի անցնել նմանատիպ ընկերություններում։ Ունենք նաև այնպիսի ուսանողներ, ովքեր մասնակցել են մեր ինկուբացիոն ծրագրին և ստեղծել են իրենց իսկ ստարտափները»։
Դպրոցում սովորած և հետագայում իր ստարտափը ստեղծած մասնակիցներից է Ավետիք Միդոյանը։
«Մեր ստարտափը կոչվում է «Ավիտրաժ», զբաղվում ենք փոքր և միջին բիզնեսների օնբորդինգը ու նոր աշխատողների գործի ընդունելը ու իրանց աշխատանքի մեջ ինտեգրելը հեշտացնելով, արագացնում ենք դա․ հիմնական մեր գործառույթը դա է»:
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժինն ավարտելուց հետո դպրոցում Ավետիք Միդոյանին գրավեց հատկապես գործնական բաղադրիչի առկայությունը։
«Այստեղ քեզ առաջին օրվանից ասում են՝ սա քեզ համակարգիչ, սա քեզ առաջադրանք, կոդ գրի։ Հենց էդ մոտեցումը ու բացի դրանից այն փաստը, որ էստեղ չկա ֆիքսված դասացուցակ, դասախոսներ, դու ինքդ ես քո ուսման տերը ու պետք է շփվես մարդկանց հետ, հենց ընկերներով, իրար բացատրելով եք նոր բաներ սովորում ու իրար հետ աճում։ Այդ փաստն ինձ շատ գրավեց, այսինքն՝ զույգով աշխատելու տարբերակը, որը կոչվում է ընկեր՝ ընկերոջը ուսուցում, ինձ հետաքրքիր էր՝ ոնց է ինքը իրականում լինելու։ Մինչև գալը, դե չգիտեի՝ ոնց է, իսկ հիմա արդեն կարամ ասեմ, որ եթե դուք նույն բանի վրա եք աշխատում ու հետաքրքրված եք դրանով, ապա շատ էֆեկտիվ մոտեցում է»։
Դասընթացն անվճար է, համալիրն աշխատում է 24 ժամ 7 օր ժամանկացույցով։ Դպրոցի ընդունելության նոր շրջափուլը մեկնարկում է նոյեմբերի 25-ին։ Դպրոցը նաև կրթաթոշակ և կացության վայր է առաջարկում մարզերից սովորել ցանկացողներին։