ԱՄՆ-ն և ՆԱՏՕ մյուս մասնակիցներ միացել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմին. Մեդվեդև
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ մյուս մասնակիցները միացել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմին Կուրսկի և Բրյանսկի մարզերին հարվածելու համար իրենց հրիթռների օգտագործումից հետո: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Al Arabiya հեռուստաալիքին հարցազրույցում։
«Դա, միևնույն է, փոխում է մարտական բախումների և տեղի ունեցողի ընթացքը, քանի որ վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ դաշինքը, Վաշինգտոնը և այդ դաշինքի մյուս մասնակիցները, ըստ էության, միացել են արդեն մեր երկրի դեմ ոչ թե հիբրիդային, այլ լիարժեք պատերազմին: Դա անհետևանք չի մնա»,- ասել է նա:
Մեդվեդևի խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի, եթե ՆԱՏՕ-ն դադարի պատերազմ հրահրել։
«Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում միջուկային զենք կիրառել, դա «ծայրահեղ տարբերակ է» և բխելու է նորացված միջուկային դոկտրինի դրույթներից»,- հավելել է ՌԴ ԱԽ փոխնախագահ։
Հիշեցնենք. Նոյեմբերի 19-ին Վլադիմիր Պուտինը միջուկային նոր դոկտրին է ստորագրել, որով Ռուսաստանը միջուկային զենքը դիտարկում է որպես զսպման միջոց, որի կիրառումը ծայրահեղ և անհրաժեշտ միջոց է: