COP29-ի վերջնական փաստաթուղթը համաձայնեցվել է. զարգացող երկրները 300 միլիարդ դոլարի օգնությունն անբավարար են համարում
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի 29-րդ նստաշրջանի մասնակիցները պայմանավորվել են ավելացնել աղքատ երկրներին կլիմայական օգնությունը: Մինչև 2035 թվականը արդյունաբերական երկրների կողմից այդ նպատակների համար տարեկան հատկացվող միջոցների ծավալը պետք է հասցվի 300 միլիարդ դոլարի:
Գումարը պետք է թույլ տա զարգացող երկրներին ֆինանսավորել կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումները, ինչպես նաև հարմարվել գլոբալ տաքացման հետևանքներին, ինչպիսիք են հաճախակի երաշները, փոթորիկները և ջրհեղեղները:
Հնդկաստանը կտրականապես դեմ է արտահայտվել համաձայնագրին, սակայն բանաձեւը պաշտոնապես ընդունվել է կոնսենսուսով: Հնդկաստանի պատվիրակության ներկայացուցիչ Չանդնի Ռայնան ասել է, որ այս փաստաթուղթը «օպտիկական պատրանք» է։ «Մեր կարծիքով, դա չի օգնի լուծելու այն հսկայական խնդիրը, որը բոլորս ունենք, ուստի դեմ ենք այս փաստաթղթի ընդունմանը», — ընդգծել է նա գագաթնաժողովի եզրափակիչ լիագումար նիստում։
Մի շարք պետությունների ներկայացուցիչներ դժգոհել են, որ ելույթ ունենալու իրենց խնդրանքն անտեսվել է։ Նիգերիայի ներկայացուցիչը արդյունաբերական երկրներից 300 միլիարդ դոլարի ֆինանսական օգնությունը «կատակ» և «վիրավորանք» է անվանել։
Կլիմայի հարցերով եվրահանձնակատար Վոպկե Հոքստրան պաշտպանել է բանաձեւը։ Պաշտոնյան ասել է, որ «կլիմայի ֆինանսավորման նոր դարաշրջան» է բացվում, և ԵՄ-ն կշարունակի առաջատար դեր խաղալ: Նոր նպատակները հավակնոտ են, բայց միևնույն ժամանակ իրատեսական, ասել է Հոքստրան։
Բաքվում COP29 կլիմայական համաժողովը երկարաձգվել էր վերջնական համաձայնագրի նախագծի շուրջ տարաձայնությունների պատճառով։ COP29-ի մի շարք մասնակիցներ անբավարար էին համարել արդյունաբերական երկրների՝ մինչև 2035 թվականը տարեկան 250 մլրդ դոլար ֆինանասական օգնություն հատկացնելու առաջարկը։