Պարզվում է՝ երեք սոցիալական էջերով՝ միասին վերցրած, մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։ Ինձ համար սա խիստ պարտավորեցնող փաստ է։ Բայց նաև հնարավորություն է, որ պետք է օգտագործել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Այս առիթով խոնարհաբար շնորհակալություն եմ հայտնում այլ ազգերի ներկայացուցիչներին, ում հետաքրքիր է իմ համեստ և փոքրիկ անձը։ Նաև՝ ամենաջերմ հայաստանյան ողջույններն եմ հղում բոլոր սփյուռքահայերին:

Իսկ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որ հետևում են իմ սոցիալական էջերին, շատ կոնկրետ առաջարկություն ունեմ. եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի: Եվ խոսքը բոլորովին էլ ակադեմիական կրթության մասին չէ:

Խոսքը այնպիսի գիտելիքներ ձեռք բերելու մասին է, որոնք անհրաժեշտ են մեր սեփական կյանքը, մեր միջավայրը էլ՛ ավելի լավը դարձնելու համար: Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության՝ ամեն ինչ իմացողի և բոլորին ամեն ինչ անդադար սովորեցնողի՝ այդքան հարազատ դարձած կերպարը, և բոլոր երևույթների, իրավիճակների և իրադարձությունների նկատմամբ սեփական անձը դիրքավորել կասկածանքով՝ շարունակ ինքներս մեզ տալով հետևյալ հարցը՝ իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ տվյալ երևույթը գնահատելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս աշխատանքին հավակնելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ իմ աշխատանքը մաքսիմալ արդյունավետ կատարելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ հարստանալու և իմ պետությունը հարստացնելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ երջանիկ լինելու և իմ սիրելիներին երջանկացնելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ կարծիք արտահայտելիս ծիծաղելի չլինելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունը արժանապատիվ կրելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս պնդումն անելու համար։

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ընտանեկան բյուջե հաշվարկելու և պլանավորելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ուրիշներին ծաղրելու, փնովելու, դատելու և դատափետելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ամուր և սիրով լի ընտանիք ունենալու համար:

Իսկ մենք բավարար չափով գտելիք ունե՞նք ուժեղ և հարատև պետություն՝ Հայաստանի Հանրապետություն ունենալու համար:

Եթե պարզվի, որ ոչ՝ յուրաքանչյուրս առանձին և բոլորս միասին բավարար չափով գիտելիք չունենք, ապա մեկ տարվա ընթացքում կարող ենք փոխել իրավիճակը. մերօրյա տեխնոլոգիաներն ու գործիքները հաստատապես տալիս են դրա հնարավորությունը, իսկ մնացածը ընդամենը ցանկության և տեխնիկայի հարց է:

Ուստի եկեք՝

2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի

Ձեռնոց նետենք տգիտությանը

Գիտելիքը և կրթվելը դարձնենք նորաձև

Նոր հմտություններ յուրացնենք

Չկրթենք միայն՝ կրթվենք

Սովորենք մեր անձնական կյանքը և մեր միջավայրը ավելի լավը դարձնել

Սովորենք հարստանալ և հարստացնել

Սովորենք երջանկանալ և երջանկացնել

Սովորենք ուժեղանալ և ուժեղացնել

Կրթվելը նորաձև է»,- գրել է վարչապետի տիկինը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն