Վրաստանի նոր գումարման խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր ուժերի անդամները ծրագրում են օրենսդիր մարմին մտնել՝ պաշտոնապես հրաժարվելու իրենց մանդատներից, հայտնում է apsny.ge կայքը։

Ընդդիմությունը գրավոր կհրաժարվի խորհրդարան մտնելուց, քանի որ այդ խորհրդարանը հակասահմանադրական է համարում։

«Թե սրանից հետո ինչպես կշարունակվի գործընթացը, ոչ ոք չգիտի, բայց ամեն դեպքում դա մեր կամքն է։ Խորհրդարան չկա, այն սկզբից մինչև վերջ ոչ լեգիտիմ է»,- ասել է ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» քաղաքական միավորման առաջնորդներից մեկը՝ Զուրա Ջափարիձեն։

Նույնն են պատրաստվում անել «Միացյալ ազգային շարժում»-ը, «Ուժեղ Վրաստան»-ը, «Գախարիան հանուն Վրաստանի»-ն:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 26-ին. իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93 տոկոսը, ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» քաղաքական միավորումը՝ 11,04%, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 10,17%, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,8%, «Գախարիան հանուն Վրաստանի»-ն՝ 7,8%։ Ընդդիմությունը պնդում է, որ «Վրացական երազանք»-ը ճնշել է Վրաստանի քաղաքացիների կամքը, իսկ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն