Հիմնը պետք է ունենա իր դինամիկան, որպեսզի տրամաբանական արագացում կատարվի: Առաջին տնով մենք խոսում ենք հայրենիք-պետության մասին, երկրորդ տնով խոսում ենք ազատության փիլիսոփայության մասին, երրորդ տնով խոսում ենք մեր պետականության մյուս կարևոր նշանի՝ դրոշի մասին, և վերջացնում ենք ուղերձով՝ թող միշտ պանծա Հայաստան, որն ուղերձ է այսօրվա քաղաքացուն: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ անդրադառնալով գործադիրի ընդունած որոշման նախագծին, որի համաձայն՝ կփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման մեկ միասնական ստանդարտ:

«Կունենանք մեկ միասնական տարբերակ, որը կօգտագործվի բոլոր միջոցառումներին, և որակյալ ձայնագրություններով ու ճշգրիտ կատարումներով»,- ասաց նա և հավելեց՝ 2006 թվականի՝ ՀՀ օրհներգի մասին օրենքում եղած տեքստի միայն տների տեղերն են փոխվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գործադիրը հավանություն է տվել Օրհներգի մասին օրենքում փոփոխություններ կատարելու՝ պատգամավորական նախաձեռնությանը: Նախագիծը շրջանառության մեջ են դրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը: Առաջարկվում է սահմանել օրհներգի կատարման պաշտոնական մեկ տարբերակ՝ Հայաստանում և միջազգային հարթակներում միջոցառումների համար: Հիմնի կատարումը պարտադիր կլինի ոչ միայն դպրոցներում և բուhերում, այլև քոլեջներում և մանկապարտեզներում: Նախագծով լիազորություն է տրվում Կառավարությանը՝ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել օրենքի կարճ խմբագրության տարբերակ՝ մարզական, մշակութային միջոցառումների առանձնահատկություններով և եթերաժամանակի սահամանափակմամբ պայմանավորված մեկ միասնական ստանդարտի կիրառման համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն