Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռությամբ և Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ Վարդենիսի դպրոցականները ծանոթացել են հայ հին և միջնադարյան մշակութային նմուշների ցուցադրություններին, այդ թվում՝ Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պատմությանը, այնուհետև քննարկել իրավահավասարությանն ու կանանց իրավունքների խթանմանն առնչվող մի շարք հարցեր։

Վարդենիսի Համազասպ Համբարձումյանի անվան ավագ դպրոցի աշակերտների այցը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ: Այցը տեղի է ունեցել «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի միջոցառումների շրջանակներում:

Երեխաների համար կազմակերպվել է էքսկուրսիա «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում՝ ներկայացնելով յուրաքանչյուր ցուցանմուշի պատմությունը։



Այնուհետև Անահիտ Մանասյանը վարել է քննարկում` նվիրված կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը։ Իր խոսքում Պաշտպանը նշել է, որ կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովումն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։

Այս համատեքստում հատուկ ընդգծել է, որ չափազանց կարևորում է մարզային համայնքներում բնակվող երեխաների ներգրավվածությունը տարբեր միջոցառումներին։

«Հանրապետությունում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն վերաբերելի է յուրաքանչյուրիս` անկախ բնակության վայրից։ Վերջերս էի այցելել Հայաստանի պատմության թանգարան։ Թանգարանի տնօրեն պարոն Պողոսյանի հետ քննարկման ընթացքում ծագեց գաղափար՝ իրավունքներին առնչվող հանրային իրազեկման միջոցառումները կազմակերպել նաև թեմատիկ ցուցադրությունների շրջանակներում` հանրային լայն քննարկումների առարկա դարձնելով իրավունքների կոնկրետ բնագավառներին վերաբերելի հարցերը»,- ասել է Պաշտպանը։



Խոսելով իրավահավասարության մասին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են։

Պաշտպանն ընդգծել է, որ պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը, քանի որ վերոնշյալ մոտեցումներն առաջին հերթին տարածվում են հենց կրթության համակարգի և առկա միջավայրի միջոցով։

«Սովորաբար, երբ հասարակությունում խոսում են իրավահավասարության մասին, առավելապես թիրախավորվում է այն հանգամանքը, թե իբր դա միտված է որոշակի խմբերին արտոնություններ տրամադրելուն։ Մինչդեռ, տվյալ պարագայում խոսքը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է», - ասել է Անահիտ Մանասյանը։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր հերթին ընդգծել է համատեղ կազմակերպված նշված միջոցառման կարևորությունը: Օրվա ավարտին՝ դպրոցականները շնորհակալություն են հայտնել հետաքրքիր և հագեցած օրվա համար: Մարդու իրավունքների պաշտպանը վստահեցրել է, որ նման միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն