Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին՝ հնարավորինս զերծ մնացեք տեղաշարժերից. Սիրիայում ՀՀ դեսպանություն
Տեղեկացնում ենք, որ մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով Դամասկոսում ՀՀ դեսպանությունում ստեղծվել է թեժ գիծ՝ + 963 96 000 36 22: Այս մասին հայտնում են Սիրիայում ՀՀ դեսպանությունից:
«Այս պահին կազմակերպված տարհանումը անհնարին է: Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից /միայն անհրաժեշտության դեպքում/, իսկ քաղաքից դուրս գալու փորձերը այս պահին լիովին բացառել:
Այն հայրենակիցները, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիության, բայց դեռ չեն ստացել անձնագրերը և հայազգի Սիրիայի քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Հայաստան՝ կարող են դիմել Դամասկոսում կամ Բեյրութում ՀՀ դեսպանություններ և հեշտացված կարգով ստանալ ՀՀ մուտքի արտոնագրեր /վիզաներ/:
Ներկայումս ճշտվում են ցուցակները, թե ում անձնագրերն են պատրաստ: Կան անձնագրային գործեր, որոնք դեռ գտվում են պատրաստման փուլում և գտնվում են Հայաստանում: Փնտրվում են հնարավորություններ առկա անձնագրերը իրենց հասցեատերերին հանձնելու ուղղությամբ: Իրավիճակը փոքր ինչ կայունանալուց հետո հյուպատոսությունը կկապվի հասցեատերերի հետ և կտեղեկացնի ուր և ինչպես կարող են ստանալ իրենց անձնագրերը:
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայումս տեղակայված է Դամասկոսում ՀՀ դեսպանությունում, և արտակարգ ռեժիմով շարունակում է իր աշխատանքները դեսպանությունից»,- ասված է հաղորդագրության մեջ: