Թրամփի թիմը դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին մոտ ապագայում. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչների՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածու Մայք Ուոլցի և Ռուսաստանի ու Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնի թեկնածու Քիթ Քելլոգի հետ՝ հայտնում են Reuters-ը և The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իրենց աղբյուրներին:
Reuters-ի զրուցակիցները մանրամասներ չեն հայտնել ուկրաինական պատվիրակության և Թրամփի թիմի հանդիպման մասին։ WSJ-ը գրում է, որ քննարկումներին միացել է նաև նորընտիր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Իսկ մինչ այդ Երմակը Ֆլորիդայում հանդիպել է Սյուզի Ուայլսի հետ, որը Թրամփի օրոք պետք է գլխավորի Սպիտակ տան աշխատակազմը։
WSJ-ի աղբյուրների համաձայն՝ Երմակն այցելել է Վաշինգտոն՝ բարելավելու հարաբերությունները Թրամփի օգնականների հետ։ Պարբերականի զրուցակիցը, որը ծանոթ է Կիևի ծրագրերին, ասել է, որ Ուկրաինան «ծրագրում է հայտնել խաղաղությանն իր պատրաստակամությունը»։ «Սակայն դա պետք է լինի կայուն խաղաղություն: Անկայուն, ժամանակավոր խաղաղությունը չի համապատասխանում ԱՄՆ-ի կամ Ուկրաինայի շահերին»:
Թերթը նշվում է նաև, որ Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն աջակցել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ջանքերին՝ ուղղված Ուկրաինա արագ զենք մատակարարելուն՝ ասելով, որ դա Թրամփին լծակներ կտա Ռուսաստանի հանդեպ՝ հակամարտության կարգավորման բանակցություններում։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թրամփի թիմը ներկայումս քննարկում է Ուկրաինայում խաղաղության հաստատման երեք հիմնական առաջարկ՝ Քիթ Քելլոգից, Ջեյ Դի Վենսից և Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան և Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ռիչարդ Գրենելից։ Նրանք բոլորը բացառում են Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մոտ ապագայում։