ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են տոտալիտար և կործանարար բնույթի տասնյակ կրոնական աղանդներ և կազմակերպություններ։ Նման աղանդների գաղափարախոսությունը, շատ դեպքերում, ապազգային է և արմատական, երբեմն վերածվում է ծայրահեղականի։

Աղանդավորական կազմակերպությունների համար համամարդկային արժեքները նույնը չեն, ինչ մերը։ Մեր համամարդկային արժեքները քրիստոնեական հիմքի վրա կառուցված արժեքներ են, իսկ եթե մենք ուղղակիորեն խոսում ենք Հայաստանի մասին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեքների և մշակույթի հիման վրա։ Եվ այդ արժեքները բնական են, հումանիստական՝ հայկական քաղաքակրթության տեսանկյունից և ընդհանրապես հասկանալի են ու ընդունելի շատ ու շատ ժողովուրդների համար։

Պետականաքանդ աղանդները լուրջ վտանգ են ներկայացնում անհատի, ավանդական ընտանիքի, ազգային արժեքների, հասարակության և պետության համար։

Անհատի համար դրանք վտանգավոր են, քանի որ զրկում են մարդուն ազատությունից, ստրկացնում ու դաժանորեն շահագործում։ Ոչնչանում են մարդկային կյանքեր, ֆիզիկական և հոգեկան առողջությանը հասցվում է ծանր և հաճախ անուղղելի վնաս։

Նրանք վտանգավոր են ընտանիքի համար, քանի որ յուրաքանչյուր տոտալիտար աղանդ մի տեսակ շեղված ընտանիք է, որը հավակնում է փոխարինել ավանդական

ընտանիքին։ Հասարակության համար աղանդների վտանգը արտահայտվում է նրանով, որ նրանք գոյություն ունեն բացառապես մակաբուծային եղանակով՝ հասարակությունից գողանալով մարդկային, ֆինանսական և այլ ռեսուրսներ։

Եվ, վերջապես, պետականաքանդ աղանդները վտանգավոր են մեր պետության անվտանգության համար։ Նրանց գործունեությունը հակադրվում է ընդհանուր ընդունված արժեքներին: Այս տեսակի կրոնական կազմակերպությունները ձգտում են վերահսկել և ազդել սոցիալական գործընթացների վրա, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ապրում է իր օրենքներով, որոնք հաճախ հակասում են Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերին։

Ըստ էության, Հայաստանում գործող տարբեր աղանդավորական կազմակերպությունների նպատակն է քայքայիչ գործունեություն ծավալել, հավատքի և բարեգործության քողի տակ քանդել մեր պետականության հիմքերը։

Իմ կարծիքով Հայաստանը պետք է խիստ օրենսդրական միջոցներ ձեռնարկի նման քայքայիչ և պետականաքանդ կրոնական կազմակերպությունների գործունեությունը

սահմանափակելու համար։

Աղանդների և այլ պաշտամունքների դեմ պայքարի կարևոր մեթոդներից են նաև բնակչության հետ տարվող աշխատանքը, կրոնական գրագիտության բարձրացումը, օրենսդրության խստացումը, եկեղեցի ու քաղաքացի ամուր կապի հաստատումը և վերականգնողական օգնությունը:

Ցանկալի է վերը նշված բոլոր առաջարկները միավորել մի համակարգի մեջ, որը կարելի է անվանել պետության և ազգի կրոնական անվտանգություն»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն