Ճապոնիայում տեղատարափ անձրևների պատճառով 1.7 միլիոն բնակչի անհապաղ տարհանում է հայտարարվել
Հորդառատ անձրևների պատճառով Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող չորս շրջանում 1,7 միլիոն բնակչի անհապաղ տարհանում է հայտարարվել: Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ին
Ֆուկուոկա, Սագա, Նագասակի, Հիրոսիմա պրեֆեկտուրաների բնակիչները ստացել են հինգերորդ, ամենաբարձր մակարդակի վտանգի նախազգուշացում: Դրա ժամանակ իշխանությունները տալիս են միանշանակ հրահանգ՝ «Փրկեք կյանքերդ»:
Այն ենթադրում է անհապաղ տարհանում, և եթե այդ փուլում հեղեղումների պատճառով տարհանման կետ տեղափոխվելն արդեն կապված է ռիսկերի հետ, ապա բնակիչներին խորհուրդ է տրվում գտնել ամենաապահով վայրը հարևանությամբ կամ իրենց տանը, որտեղ կենդանի մնալու հնարավորությունները բարձր են:
Ճապոնիայի հարավ-արևմուտքում մի քանի օր է հորդառատ անձրևներ են տեղում: Մի շարք տարածքներում վերջին երկու օրվա ընթացքում 500-700 միլիմետր տեղումներ են տեղացել: Սագա շրջանի Ուրեզինո քաղաքում երեք օրվա ընթացքում տեղացել է 918 միլիմետր տեղումներ, շրջանի գլխավոր վարչական կենտրոնում՝ Սագա քաղաքում՝ 769 միլիմետր: Նագասակի շրջանի Ուզանդակե քաղաքում տեղացել են 847 միլիմետր տեղումներ:
Տարվա այս եղանակի համար պատմական ռեկորդներ են սահմանվել: Օդերևութաբանները նախազգուշացնում են ջրհեղեղների և սողանքների աճի մասին: