Թրամփը կարող է հանել ԱՄՆ-ն ԱՀԿ-ից իր պաշտոնավարման առաջին իսկ օրը․ փորձագետները խոսում են հնարավոր ծանր հետևանքներից
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմը մտադիր է Միացյալ նահանգները դուրս բերել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) Թրամփի պաշտոնավարման առաջին իսկ օրը։ Փորձագետները խոսում են նման քայլի՝ առողջապահական համակարգի համար հնարավոր ծանրագույն հետևանքների մասին։ ԱՄՆ այդ քայլը, ըստ առողջապահության համաշխարհային փորձագետների, կզրկի ԱՀԿ-ին ֆինանսավորման ամենամեծ աղբյուրից, զգալիորեն կնվազեցնի առողջապահական ճգնաժամերին արձագանքելու նրա ռեսուրսները։
Թրամփի թիմը մտադիր է հայտարարել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին՝ գրում է բրիտանական The Financial Times-ը։ Առաջատար պարբերականի տեղեկություններով՝ Թրամփի թիմի անդամները հայտնել են, որ մտադիր են հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին հենց նախագահի երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին
Այս փոփոխությունը, սակայն, փորձագետների կարծիքով, համաշխարհային առողջապահական համակարգում կհանգեցնի «աղետալի» հետևանքների, քանի որ Միացյալ Նահանգների այդ քայլը, ըստ էության, կզրկի ԱՀԿ-ին ֆինանսավորման ամենամեծ աղբյուրից, զգալիորեն կնվազեցնի առողջապահական ճգնաժամերին արձագանքելու՝ կազմակերպության հնարավորությունը։ Մասնագետները հիշում են համավարակների կանխման, հիվանդությունների տարածման կանխարգելման և պատվաստումների ու պատվաստանյութերի ներդրման հարցում ԱՀԿ ահռելի դերը, ինչն ակնհայտ էր, օրինակ, կորոնավիրուսային համավարակի ժամանակ։
Գերմանական Դոյչե Վելլեն մեջբերում է Ջորջթաունի համալսարանի՝ առողջապահության համաշխարհային պրոֆեսոր Լոուրենս Գոստինի միտքը․ եթե ԱՄՆ-ն դուրս գա ԱՀԿ-ից, եվրոպական երկրները դժվար թե մեծացնեն ֆինանսավորման իրենց բաժինը, իսկ Չինաստանը, ընդհակառակը, կարող է փորձել մեծացնել իր ազդեցությունը։ Մեջբերում․
«Ամերիկան հսկայական վակուում կստեղծի համաշխարհային առողջապահական հարցերի համակարգման և ֆինանսավորման մեջ: Ես չեմ տեսնում, որ որևէ մեկը լրացնի այդ բացը։ Սա անխոհեմ քայլ կլիներ, քանի որ արդյունքում ղեկավարությունը կանցնի Չինաստանին»:
Լոուրենս Գոստինը նաև ԱՀԿ-ի համար կանխատեսել է դժվար «ժամանակներ» , քանի որ այն ստիպված կլինի զգալիորեն կրճատել իր գիտական անձնակազմը:
Ի դեպ՝ ԱՀԿ-ի հետ ԱՄՆ-ի ապագա հարաբերությունների մասին քննարկումը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Թրամփն իր աջակիցներին է նշանակում իր ապագա վարչակազմի առողջապահական առանցքային պաշտոններում, այդ թվում՝ պատվաստանյութերի հարցում խիստ թերահավատ դատողություններով հայտնի Ռոբերտ Քենեդիին․ նկատում են եվրոպական լրատվամիջոցները:
ԱՄՆ-ն ԱՀԿ-ի ամենամեծ դոնորն է, այն 2022-2023 թվականներին տրամադրել է կազմակերպության ֆինանսի մոտ 16 տոկոսը: Կազմակերպությունից դուրս գալու գործընթացը Թրամփը սկսել է դեռ 2020 թվականից՝ ԱՀԿ-ին մեղադրելով Չինաստանի ազդեցության տակ լինելու մեջ, սակայն այդ գործընթացն այդպես էլ ավարտին չհասավ։ Թրամփի իրավահաջորդ Ջո Բայդենը վերականգնեց հարաբերությունները ԱՀԿ-ի հետ իր նախագահության առաջին օրը՝ 2021 թ․։
Փորձագետները նշում են, որ Թրամփի թիմն այս անգամ նախատեսում է շատ ավելի արագ գործել։ Բրիտանական The Financial Times-ը մեջբերում է Բայդենի պաշտոնավարման օրոք Սպիտակ տան COVID-19-ի նախկին համակարգող Աշիշ Ջային․
«Ադմինիստրացիայի շուրջ շատ մարդիկ կան, ովքեր չեն վստահում ԱՀԿ-ին և ցանկանում են խորհրդանշական կերպով ցույց տալ, որ Միացյալ Նահանգները լքում է կազմակերպությունը հենց առաջին օրը»։
Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփի թիմի ներսում տարաձայնություններ կան. ոմանք կարծում են, որ ավելի լավ կլինի մնալ ԱՀԿ-ում և փորձել բարեփոխել կազմակերպությունը ներսից, սակայն այժմ գերակշռում են նրանք, ովքեր կողմ են հարաբերությունների ամբողջական խզմանը:
Մինչ Թրամփի թիմը զարգացնում է ԱՀԿ-ից դուրս գալու թեման, Հայաստանը շարունակում է ամրապնդել գործակցությունը առողջապահական այս կառույցի հետ։ Հայաստանն ԱՀԿ անդամ է 1994-ի օգոստոսից, և այդ ժամանակից էլ Հայաստանում ստեղծվել է ԱՀԿ ներկայացուցչություն։ Իրականացնելով ուղղակի տեխնիկական համագործակցություն անդամ երկրների հետ՝ ԱՀԿ աջակցում է բնակչության բազմակողմանի բժշկասանիտարական սպասարկման, հիվանդությունների կանխարգելման ու դրանց դեմ պայքարի, շրջակա միջավայրի առողջացման, առողջապահական կադրերի պատրաստման ու բազմաթիվ այլ բնագավառներում։ ԱՀԿ-ն օգնում է նաև խոշոր աղետների (թե՛ բնական, թե՝ տեխնոլոգիական) հետևանքների վերացմանը, 10 տարին մեկ վերանայում է հիվանդությունների միջազգային վիճակագրական դասակարգումը, մշակում է կենսաբանական պատրաստուկների, թունաքիմիկատների և դեղորայքի միջազգային չափորոշիչներ, շրջակա միջավայրի պաշտպանության չափանիշներ, միջազգային բժշկասանիտարական կանոններ։