Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 25-ի առավոտյան, արևմտյան քրիստոնյաների Սուրբ Ծննդյան օրը, Ռուսաստանը զանգվածային գնդակոծության է ենթարկել Ուկրաինան: Ռուսական զինուժն արձակել է ավելի քան 70 բալիստիկ հրթիռ և 100 հարվածային անօդաչու թռչող սարք, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել, հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի Telegram ալիքը։ Զանգվածային հարձակման թիրախը եղել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները: «Հակառակորդը հարձակվել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա՝ Խարկովում, Կիևում, Դնեպրոպետրովսկում, Պոլտավայում, Ժիտոմիրում, Իվանո-Ֆրանկովսկում և Զապորոժիեում։ Ցավոք սրտի, կան նշանակետին հասած հարվածներ, ինչպես նաև մեկ զոհ ու վիրավորներ»,- ասվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ էներգետիկ օբյեկտներն աջակցում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի գործունեությանը։

Ուկրաինական օդուժը պնդում է, որ խոցվել են 55 թևավոր և 4 ավիացիոն հրթիռ, ինչպես նաև 54 կամիկաձե անօդաչու թռչող սարք (ևս 52-ը չեն հասել թիրախներին):

Նախագահ Զելենսկին նոր հարվածները համարել է «ոչ միայն թիրախների, այլև ժամի ու ամսաթվի գիտակցված ընտրություն»: Նրա կարծիքով ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հարձակման համար հատուկ ընտրել է Սուրբ Ծնունդը»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն