Հայաստանի մեկամյա նախագահությունը ԵԱՏՄ–ում ավարտվում է, բարձրագույն խորհրդի նիստը անցկացվել է Սանկտ Պետերբուրգում, «Իգորա» առողջարանային համալիրում։ Նիստը հեռավար նախագահել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել մեկնել Պետերբուրգ։ Գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար նրա փոխարեն ՌԴ գործուղվել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա մասնակցությունը թերևս պայմանավորված է եղել կառույցում նախագահությունը Բելառուսին փոխանցելու ընթացակարգի և փաստաթղթեր ստորագրելու անհրաժեշտությամբ։ Նիստի աշխատանքների միայն բացման հատվածն է հասանելի եղել լուսաբանման համար, մնացած աշխատանքներն ընթացել են փակ դռների հետևում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան չմեկնելու փաստը իրականում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ամենակարևոր հարցը չէր, որ հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում։ Թեև ընթացիկ և ապագային միտված օրակարգային հարցերը քննարկվեցին դռնփակ, նախապես հայտնի դարձավ մի քանի հարց, որ կարևորում են կառույցի անդամ պետությունները։

Քովիդի պատճառով նիստը հեռավար նախագահող վարչապետ Փաշինյանը առանձնացրեց, թե մեկ տարվա ընթացքում Հայաստանը, որպես նախագահող երկիր, ո՞ր հարցերն է կարևորել կառույցի արդյունավետ աշխատանքի և անդամ–պետությունների շահերի տեսանկյունից։

«Մեր նախագահության հիմնական առաջնահերթությունները ներառում էին տնտեսական համագործակցության, էներգետիկ դաշտում միասնական շուկայի ստեղծման, ԵԱՏՄ ներքին շուկայում խնդիրների վերացման, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման և միջազգային կապերի ամրապնդման առանցքային ուղղությունները»։

Էներգետիկ միասնական շուկայի ստեղծման հարցում հայկական վերլուծական դաշտը դեռ զգուշավոր է, հաշվի առնելով ռուս–ուկրաինական պատերազմի հետ կապված արևմտյան պատժամիջոցները, հստակ կանխատեսում այս ոլորտի առնչությամբ անել դեռ հնարավոր չէ։

Դեռ դեկտեմբերի սկզբին Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը խոսել էր Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին, ներկայացրել, թե ինչ օգուտներ կարող է տալ ծրագիրը ԵԱՏՄ պետություններին։

Կառույցի հետ կապված իր հետաքրքրություններն ունի ՌԴ–ն։ Այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է․

«ԵԱՏՄ աշխատանքը նպաստում է առևտրի և ներդրումային ծրագրերի ընդլայնմանը, գործարար կապերի ստեղծմանը, համագործակցության խորացմանը։ Եվ ամենակարևորը՝ համագործակցային կապերը բերում են իրական օգուտ մեր միավորման բոլոր անդամներին»։

Այս համատեքստում Ռուսաստանի համար այժմ բավարար չէ միայն ԵԱՏՄ անդամ–պետությունների շրջանակը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ավելի վաղ հաստատել էր, որ ԵԱՏՄ–ի համար նոր հնարավորություններ կբացի Պակիստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու գաղափարը։ Հայաստանի համար այս հարցը կարևոր է նրանով, որ Պակիստանը միակ երկիրն է, որ չի ճանաչում Հայաստանը որպես պետություն, իսկ 44–օրյա պետերազմում անգամ իր պասիվ մասնակցությունն է ունեցել հօգուտ Ադրբեջանի։

Այս ամենը հաշվի առնելով, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ Հայաստանը, որպես կառույցի հիմնադիր երկիր, պետք է պահանջի արտոնություններ Պակիստանի անդամակցության դիմաց։

«X պահից, երբ պուտինյան Ռուսաստանը սկսեց խզել հարաբերությունները Արևմուտքի հետ, նա խաղադրույք է դրել թյուրքական աշխարհի վրա։ Այո, Պակիստանը Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետություն է։ Եթե Ռուսաստանը ուզում է, որպեսզի Պակիստանը դառնա ԵԱՏՄ անդամ, Հայաստանը կարող է համաձայնել մեկ դեպքում՝ եթե այդ գործընթացի վերջնարդյունքում պահպանվի նաև Հայաստանի շահը։ Ես վստահ եմ, որ Թուրքիան էլ է շահագրգռված, որպեսզի Պակիստանը դառնա ԵԱՏՄ անդամ, օրինակ, Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը։ Եթե այսպիսի քաղաքական և տնտեսական փոխանակում լինի, ես կարծում եմ՝ Հայաստանը շատ հանգիստ կարող է համաձայնվել։ Եթե ոչ, եթե Հայաստանը այդտեղից կոնկրետ շահ, որը արտացոլում է պետական շահերը, չունի, ուրեմն Հայաստանը պետք է վետո դնի։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, քաղաքականությունը առևտուր է և մենք տեսնում ենք, որ նույն թյուրքական աշխարհի պետությունները, առաջին հերթին Թուրքիան և Ադրբեջանը այդ արվեստին շատ լավ տիրապետում են»։ 

Այն, որ ԵԱՏՄ–Պակիստան ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ բանակցություններ տարվում են, հաստատել էր նաև Պակիստանի էներգետիկայի նախարարը, հավելելով, սակայն, որ լավ ընթացող աշխատանքները դեռ այնքան չեն հասունացել, որ հնարավոր լինի բացահայտել և տեղեկատվություն տրամադրել։

Ինչ վերաբերում է հաջորդ տարվա աշխատանքներին, ապա 2025–ին նախագահությունը ԵԱՏՄ–ում Հայաստանից փոխանցվում է Բելառուսին։ Մի երկրի, որի ղեկավարի հետ նույնպես Հայաստանի իշխանությունը կոնկրետ խնդիրներ ունի նրա արած խնդրահարույց մի շարք հայտարարությունների պատճառով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն