ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաղորդագրություն է տարածել 2024 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ:

Միջուկային տեղակայանքների նկատմամբ պետական վերահսկողության շրջանակում շարունակվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման և 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիային կից պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն: Վերլուծվել են հաշվետվությունները, ուսումնասիրվել են անվտանգության 15 համակարգերի մոդիֆիկացիաների ներդրման փաթեթներ, վերլուծվել են անվտանգության համար կարևոր ծրագրերում և հրահանգներում նախատեսվող 30 փոփոխությունների փաթեթներ, կազմվել են եզրակացություններ: Տրամադրվել են անվտանգության համար կարևոր աշխատանքների իրականացման 6 թույլտվություններ։

Հայկական ատոմային էլեկտրակայանում իրականացվել է 4 ստուգայց, անվտանգության տեսանկյունից կարևոր պաշտոն զբաղեցնող 4  անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Կոմիտեի կողմից իրականացվել է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրերով նախատեսված աշխատանքների դիտարկում և վերլուծություն։ Կոմիտեի կողմից շարունակել է իրականացվել նոր էներգաբլոկի կառուցման նպատակով ընտրված նախագծերի ուսումնասիրություն:

Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործմամբ գործունեության նկատմամբ պետական վերահսկողության շրջանակում Կոմիտեն իրականացրել է իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցում (83) և նոր լիցենզիայի տրամադրում (իրավաբանական անձ՝ 26, ֆիզիկական անձ՝ 93), լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգում՝ 5, լիցենզիայի գործողության դադարեցում՝ 9: 2024 թ. առողջապահական, գիտական և արդյունաբերական օբյեկտների կարգավորող վերահսկողության շրջանակում իրականացվել են ստուգայցեր, լիցենզիային կից պահանջների կատարման ուսումնասիրություններ, ըստ անհրաժեշտության կատարվել է ռադիոակտիվ աղբյուրի շահագործումից հանում ու վնասազերծում և այլն:

2024 թ․ իրականացվել է 23 ստուգայց, որի արդյունքում տրվել է 265 կարգադրագիր։ Անվտանգության տեսանկյունից կարևոր պաշտոն զբաղեցնող 5  անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Եվրոպական միության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության օժանդակությամբ ներդրված ժամանակակից համակարգերի միջոցով իրականացվել է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ։ Մոնիթորինգի արդյունքում ճառագայթային իրավիճակի շեղումներ չեն հայտնաբերվել։

Աշխատանք է տարվել «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման մասին» ՀՀ օրենքի վերանայման և ՀՀ օրենսդրությունը ԵՄ դիրեկտիվներին մոտարկելու ուղղությամբ: Պարբերաբար իրականացվում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում օրենսդրության վերանայում՝ հաշվի առնելով ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների փոփոխությունները, նոր ստանդարտները, միջազգային և ներքին փորձը։

Հաշվի առնելով Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ Կոմիտեն ձեռնամուխ է եղել ՀՀ օրենսդրության մոտարկմանը Եվրամիության դիրեկտիվների։ Առաջին փուլում վերանայվում է «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման մասին օրենքը», որը մշակվել է 1999 թվականին և ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Օրենքի նախագծի լրամշակման նպատակով 2024 թ․ նախագիծը մշակող խմբին են ներկայացվել դիտողություններ և առաջարկություններ։  Միջազգային (ԱԷՄԳ և ԵՄ) փորձաքննության նպատակով լրամշակված նախագիծը թարգմանվել է անգլերեն և ներկայացվել միջազգային փորձագիտական խմբին։ Նոր օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ 2025 թ․սեպտեմբերին։ Վերանայվում է նաև «Ճառագայթային անվտանգության նորմերն ու կանոնները», երկրորդ փուլում՝ նոր օրենքին համահունչ կվերանայվեն և կմշակվեն նոր փաստաթղթեր, որոնք կկարգավորեն ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների ապահովումը։

2024-ին շարունակվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ իրականացվող ՏՀ ծրագրերը, ինչպես նաև Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների տարբեր հանձնաժողովների շրջանակում իրականացվող աշխատանքները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն