Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկում են նոր աղբյուրակապի կառուցման եւ խմելու ջրատարի արտաքին ցանցի որոշակի հատվածների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 540 հազար դրամ, որի 63,8 տոկոսը կամ 8 միլիոն 520 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 36,2 տոկոսը կամ 4 միլիոն 20 հազար դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Սուսմեդ» ՍՊԸ-ն։  

«Ծրագրի իրականացման արդյունքում կավելանա համայնքին մատակարարվող ջրաքանակը, նվազագույնի կհասցվեն ջրատարում առկա կորուստները, միաժամանակ կապահովվի մաքուր եւ որակյալ ջրամատակարարում։ Վնասված հատվածներում մաշված երկաթե խողովակները կփոխարինվեն մետաղապլաստե խողովակներով։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-նշեց Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն