Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը քննարկել ենք տնտեսության, տարանցիկ փոխադրումներին առնչվող հարցեր: Չենք կարող չնշել այն հսկայական ներուժը, որն ունի Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը: Այդ մասին Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Այս համատեքստում Միրզոյանը հիշեցրեց ՀՀ նախաձեռնության՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին, որը ենթադրում է տնտեսական, տրանսպորտային ակտիվ համագործակցություն ոչ միայն վերոնշյալ երեք երկրների միջև, այլև նաև այլ երկրների մասնակցությամբ:

«Այս ծրագրի, նախաձեռնության շրջանակում արել ենք առաջարկներ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանի հետ մեր բանակցությունների, հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, և իհարկե, պատրաստ ենք նաև այս ծրագրով, բայց նաև մյուս ուղղություններով վերջնականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Մեր Կառավարության դիրքորոշումը նույնն է: Մենք նվիրված ենք և հետամուտ ենք լինելու խաղաղության օրակարգին. դա վերաբերում է թե՛ խաղաղության պայմանագրին, թե՛ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, թե՛ սահմանազատմանը (գիտեք, որ ձեռքբերումներ և պայմանավորվածություններ կան սահմանի սահմանազատման գործընթացում ևս):

Նույն հավատամքը ու նվիրվածությունն ունենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացին, և մենք պատրաստ ենք շարունակել այս գործընթացը»,- ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն