Մեր մի խումբ հայրենակիցներ պնդում էին, որ ավերիչ երկրաշարժից հետո առանց պետական որևէ օժանդակության, չպահպանելով իրավական ակտերով սահմանված պահանջները` կառուցել են տներ և, ըստ այդմ, ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացում բախվել ֆինանսական խնդիրների: Հնչում էին անարդարության վերաբերյալ դիտարկումներ այն մասին, որ աղետի գոտում իրենց կարգավիճակում գտնվող շատ այլ անձինք օգտվել են պետական օժանդակությունից, իսկ իրենք սեփական ֆինանսական միջոցներով կառուցել են տներ, սակայն այսօր տների փաստաթղթավորումն իրենց համար խնդիր է: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` փետրվարի 3-ին հրավիրված աշխատանքային քննարկման ժամանակ: Հանձնաժողովի փոխնախագահը նշել է. աղետի գոտու բնակիչների այս և այլ խնդիրներին ծանոթացել են, երբ մի խումբ պատգամավորների հետ դեկտեմբերին այցելել էին Լոռու մարզի մի շարք համայնքներ:

Քննարկմանը մասնակցել են  պատգամավորներ, ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Լոռու մարզպետի  տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, պատասխանատուներ նախարարություններից, Քաղաքաշինության կոմիտեից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, այլ շահագրգիռ կազմակերպություններից:

Ռուստամ Բաքոյանը նկատել է, որ աղետի գոտում դեռևս կան չլուծված խնդիրներ, որոնցից են, մասնավորապես, փաստաթղթավորման շուրջ առաջացող ֆինանսական խնդիրներն ու ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման հետ կապված հարցերը:

Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը պարզաբանել է, որ դեռևս 2022 թվականին օրենսդրական փոփոխություններ են մտել ուժի մեջ, և յուրաքանչյուր վայրի  ինքնակամ կառույցների հաշվառման  համար սահմանված են եղել վերջնաժամկետներ: Կառավարությունը պարբերաբար, տարբեր ձևերով տեղեկատվություն է տարածել այդ մասին: Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ ինքնակամ կառույցների հաշվառման   համար սահմանված  ժամկետը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, և այսօր այլևս հնարավոր չէ իրականացնել հաշվառման գործընթաց: Այդ ժամկետում  հաշվառվել է շուրջ 66 հազար ինքնակամ շինություն:

Քննարկման ընթացքում նշվել է, որ բազմաթիվ ինքնակամ կառուցված և չփաստաթղթավորված կառույցներ կան ե'ւ Շիրակի, ե'ւ Լոռու մարզերում:

Խնդրի լուծման նպատակով քննարկման մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկներ, կարևորել հարցի շուտափույթ կարգավորումը: Քննարկման արդյունքում որոշվել է գույքագրել մարզերում առկա վերոնշյալ խնդիրները` գտնելու համար դրանց լուծման ուղիները:

Ամփոփելով քննարկումը` Ռուստամ Բաքոյանը նշել է` բարձրացված խնդիրները պատշաճ կերպով կհասցեավորվեն և բնակիչներին հուզող հարցերն անպատասխան չեն մնա:

Հանձնաժողովի փոխնախագահը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կնախաձեռնվեն նաև օրենսդրական փոփոխություններ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն