Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է։ Փետրվարի 3-7-ը Հայաստանի վարչապետը մասնակցելու է մի շարք միջոցառումների, մասնավորապես, հայ համայնքի հետ։ Պաշտոնական հնարավոր հանդիպումների մասին վարչապետի աշխատակազմը տեղեկություններ դեռ չի հաղորդել։ Փաշինյանի նախորդ այցն ԱՄՆ նախորդ սեպտեմբերին էր։ Նյու Յորքում նա մասնակցել է ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի 79–րդ նստաշրջանին։ Այս անգամ աշխատանքային այցի ուղղությունն առավելապես կրոնական է։ Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին և «Ազգային աղոթքի նախաճաշին»։

Միացյալ Նահանգներում գտնվելու չորս օրերին Հայաստանի վարչապետի հանդիպում ԱՄՆ նախագահի հետ նախատեսված չէ։ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցելու է այլ միջոցառումների, որտեղ, սակայն, տեսականորեն հնարավոր է, որ քաղաքական գործիչների «ճանապարհները հատվեն» և տեղի ունենա ոչ թե հիմնարար, այլ պարզապես, ինչպես ընդունված է ասել, «ոտքի վրա» զրույց Սպիտակ տան ղեկավարի հետ։

Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ Հայաստանի վարչապետը պարզաբանեց, որ նախապես քննարկվել է ամերիկյան միջոցառումներին մասնակցելու նպատակահարմարության հարցը․

«Շատ կարևոր այց է, խորհրդակցել եմ նաև գործընկերների հետ, և եկել ենք այն եզրակացության, որ պետք է անպայման գնալ և մասնակցել։ Էլի միջոցառումներ կան, որոնց մասնակցելու հրավերներ ունենք, որոնց մի մասը ոնց որ թե համընկնում են, ցավոք, պետք է ընտրենք, թե որ միջոցառմանը մասնակցենք»։

Մասնակցության համար պարտադիրներից են 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովն ու «Ազգային աղոթքի նախաճաշը»։ ԱՄՆ-ում իշխանության վերադարձած պահպանողականների համար սա շատ կարևոր թեմա է համարվում։ Տարբեր գնահատականներով՝ կրոնական թեման Հայաստանի համար էլ կարող է շահեկան լինել՝ հաշվի առնելով, որ Թրամփն արևելքում քրիստոնեական աշխարհի պաշտպանը լինելու հայտ է ներկայացրել։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշում է, որ ո՛չ միջոցառումը, ո՛չ դրան Հայաստանի մասնակցությունը նորություն չեն․

«Սա ավանդույթ դարձած միջոցառում է, որին մասնակցում են տասնյակ երկրների ղեկավարներ, ճաշ է տրվում բոլոր ղեկավարների համար նախագահի անունից։ Դա կարող է լինել Սպիտակ տանը կամ այլ վայրում, եթե միջոցառումը մեծ է։ Այս պահի դրությամբ հանդիպում, որպես այդպիսին, նախատեսված չէ, ես չեմ բացառում, որ ինչ–որ մի բան փորձեն նախատեսել, ինչ–որ կարճ հանդիպում տեղի ունենա։ Սա պարբերաբար տեղի ունեցող միջոցառում է, նախկինում Հայաստանի արտգործնախարարներ են դրան մասնակցել, այլ պաշտոնյաներ են մասնակցել և շատ կարևոր է հասկանալ, որ սա հստակ կրոնական, այսպես ասենք, միջոցառում է, աղոթքներով լի տարբեր միջոցառումներ են լինելու»։

Փաշինյան–Թրամփի հանդիպումների պատմություն

Փաշինյան-Թրամփ պաշտոնական հանդիպում երբեք տեղի չի ունեցել, եղել են կարճ շփում-քննարկումներ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում։ Այսպես ասած «ոտքի վրա շփվելու» առաջին հնարավորությունը 2018–ի հուլիսին էր՝ Բրյուսելում՝ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին։ Ամիսներ անց՝ 2018–ի սեպտեմբերին արդեն, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում Թրամփի անունից տրված պաշտոնական ճաշկերույթի և արողակարգային լուսանկարահանման ժամանակ մտքերով են փոխանակվել։ 2019-ին Հայաստանի վարչապետը կրկին Նյու Յորքում էր, բայց հանդիպում նախատեսված չէր։ Երկրորդ ժամկետում Թրամփի ընտրվելուց անմիջապես հետո տեղի է ունեցել Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց։ Նաև Փարիզում Աստվածամոր տաճարի վերաբացման արարողության ժամանակ է Փաշինյանը Մակրոնի միջնորդությամբ կարճ շփում է ունեցել Թրամփի հետ։

Ինչ վերաբերում է հեռացող Բայդենի վարչակազմի օրոք կնքված հայ-ամերիկյան ռազմավարական գորընկերության կանոնակարգին, ապա Թրամփի օրոք դրա կյանքի չկոչման ռիսկեր միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը չի տեսնում․

«Թրամփի վարչակազմը փաստաթղթի ստորագրման վերաբերյալ տեղյակ է եղել, որովհետև գործում է «տրանզիցիոն թիմ»՝ մի նախագահից մյուսին իշխանությունը փոխանցելու ժամանակ։ Բոլոր ուղղություններով աշխատանք տարվում է։ Համաձայնություններ, իհարկե, ոչ բոլոր ուղղություններով են ձեռք բերվում, բայց աշխատանք տարվում է, առնվազն տեղեկացնում են, թե ինչ է ստորագրվում այս պահին՝ հատկապես, եթե արդեն կա ընտրված նախագահ։ Նախագահն ընտրվել է նոյեմբերի սկզբին, բայց պաշտոնը ստանձնել է հունվարի 20-ին, այսինքն՝ այս ողջ ժամանակահատվածն այդ փոխանցվող փուլն է, որի ընթացքում երկու թիմերը աշխատում են, որպեսզի այդ «տրանզիցիոն» գործընթացը շատ ավելի սահուն անցնի։ Սա ամենակարևոր սկզբունքներից է ԱՄՆ-ի իշխանափոխության պարագայում»։

Ի՞նչ է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովն ու «Ազգային աղոթքի նախաճաշը»

Ի՞նչ կարող են տալ Հայաստանին ամերիկյան այս այցերը։ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովն ու «Ազգային աղոթքի նախաճաշը», բացի զուտ կրոնական հավաքից, նաև լոբբինգի լավ հարթակ են, նոր կապեր ստեղծելու  առիթ։

Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը կազմակերպում է Միացյալ Նահանգները և միախմբում ավելի քան 20 երկրների։ Գագաթնաժողովն անցյալ տարի աչքի ընկավ հայամետ անձանց մասնակցությամբ․ միջոցառումներին 5 հայ բանախոս է եղել, այդ թվում՝ Ստեփանակերտից տեղահանված։ Դա էր պատճառը, որ ադրբեջանական մամուլն այդ շրջանում գագաթնաժողովն անվանել էր «իսլամատյացների և խաչակիրների» գագաթնաժողով։

Իսկ «Ազգային նախաճաշ աղոթքը» ավանդական քրիստոնեական հավաք է, որը կազմակերպվում է ամեն  փետրվարի առաջին հինգշաբթի Վաշինգտոնում, և որին մասնակցում են ԱՄՆ նախագահը, բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ և օտարերկրացի հյուրեր: Պետությունների առաջին դեմքերի հետ արարողակարգային լուսանկար է կազմակերպվում:

Դոնալդ Թրամփը, որպես ԱՄՆ  նախագահ, դեռ 2017–ին հնարավորություն ունեցել է իր ուղերձներն ուղղել աշխարհին հենց «Ազգային նախաճաշ աղոթքի» ժամանակ։

«Կրոնական ազատության հիմնական սպառնալիքն ահաբեկչությունն է»,– հայտարարել էր Թրամփը՝ խոստանալով հաղթահարել աշխարհում տիրող բարդ իրավիճակը։ 2017–ին նա ասում էր, որ «հանուն կրոնի կատարված աներևակայելի վայրագությունների ականատես ենք, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների դաժան սպանդի, աննկարագրելի սարսափի ականատես»: Նրա խոսքով՝ այդ սարսափը պետք էր դադարեցնել, և խոստանում էր այն դադարեցնել: Դոնալդ Թրամփը դեռ նախընտրական շրջանում է հավաստիացրել, որ ընտրվելու դեպքում իր առաջնահերթ խնդիրը կլինի պայքարն ահաբեկչության դեմ:

2017–ին Թրամփի այս խոսքերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին էին։ Հետո Թրամփի նախագահության տարիներին տեղի ունեցավ ԼՂ–ում 2020–ի 44–օրյա պատերազմը, որի ընթացքում տեսանյութերով ապացուցված փաստերով խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից կռվում էին նաև «Իսլամական պետության» անդամները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն