Էլիզա Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-ին, կկայանա ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը:

Հակաիշխանական և հայրենանվեր հանրության շրջանում հանրային պահանջ կա ձևավորված՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին լսելու:

Նախագահ Քոչարյանին սատարող հանրույթը մեր ազգաբնակչության այն հատվածն է, որը երբեք չի տրվել նրա դեմ ծավալված պոպուլիստական կեղծ բանսարկություններին և գնահատել է նախագահին ըստ նրա գործունեության՝ ըստ արժանվույն, հետևաբար, այս հանրույթը մեր ազգաբնակչության ողջամիտ և իրավագիտակից մասն է, (որն էլ կոչվում է վճռական փոքրամասնություն, որն էլ իր ուսերին է վերցնում ծանր անցումային շրջանների հանրային պատասխանատվությունը):

Այս հանրույթը անարդարացիորեն անտեսված է եղել վերջին 4 տարիներին, քանի որ նախագահ Քոչարյանն ինքն էր վճռել համախմբման սկզբունքով և պետական առաջին դեմքի բարոյականության կոդեքսը պահպանելով՝ միանալ դաշտի մյուս ընդդիմադիր ուժերին:

Սակայն, այս հանրույթին զուգահեռ կա նաև մեկ այլ խումբ քաղաքական ակտիվից, ովքեր դեմ են, որպեսզի նախագահ Քոչարյանը բացարձակ առաջնորդություն ստանձնի և, փաստորեն, ժողովրդի այս հատվածին համախմբի: Այդ խումբը տարբեր պատճառներ է առաջ քաշում, սակայն գլխավոր պատճառն այն է, որ այդ խմբին նորից են «Նոր Հայաստան» խոստացել՝ նոր սերնդի իշխանությամբ, և խոստացել են նաև, որ նրանցից յուրաքանչյուրը իր տեղը կունենա այդ իշխանության շարքերում (հերթական միֆը Վատիկանից): Եվ ահա հիմա, այս օրհասական պահին, քաղաքական այդ ակտիվը ընդդիմանում է այս ծավալուն հանրային պահանջին՝ նորից փորձելով լռեցնել հակաիշխանական հանրության ձայնը:

Քանի որ վերջին շրջանում շատ եմ հարցեր ստանում մեր հայրենակիցներից, թե ինչու եմ անձամբ ինքս սատարում Երկրորդ նախագահին, մի քանի հակիրճ պատասխաններ գրեմ այստեղ:

1. ՌՔ-ն ունի պատերազմական փորձ, ճգնաժամային կառավարման փորձ, որից դուրս է եկել պատվով՝ թե’ Արցախի Հանրապետությունում, թե’ ՀՀ-ում:

2. Նախագահ Քոչարյանը հմուտ արտաքին քաղաքականություն է վարել և եղել է միակ ղեկավարը, ում միջազգային քայլերն ու ելույթները միայն բարձրացրել են պետության հեղինակությունը, հաստատել և հիմնավորել են Արցախի և ՀՀ շահերը:

3. Նախագահ Քոչարյանը եղել է նորանկախ շրջանի միակ նախագահը, ով պատվով է հեռացել իշխանությունից՝ չկառչելով պաշտոնից, ավելին, Մարտի 1-ով պաշտպանել է ՀՀ պետականությունը և ուժեղ երկիր ու բանակ է հանձնել Երրորդ նախագահին:

4. Նախագահ Քոչարյանը մինչ օրս ահ և սարսուռ է պատճառում մեր թշնամիներին, որոնք անթաքույց տենչում են նրա ձերբակալությունը:

5. Նախագահ Քոչարյանը մինչ օրս մեծ հարգանք է վայելում հայրենանվեր և պետականամետ սպայական անձնակազմի շրջանում, պետականության խորհրդանիշ է հանդիսանում նրանց համար:

6. Նախագահ Քոչարյանը սկզբունքայնության, վճռականության և հմուտ դիվանագետի մարմնավորում է ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների համար: Սրանք այն հատկանիշներն են, որոնք այսօր կենսական անհրաժեշտություն են պայքարող քաղաքացու համար, և սա էլ այսօր ձևավորված հանրային պահանջի բուն պատճառն է:

7. Եվ իվերջո, Նախագահ Քոչարյանը դարձել է այս արհավիրքը հաղթահարողի պատասխանատուն, քանի որ 2021-ին գրեթե 300 000 ՀՀ քաղաքացիներ հե’նց նրան ապավինելով են ձայն տվել Հայաստան դաշինքին և հե’նց նրան են վստահել այդ գործը:

Հ.Գ. Եթե դաշտում լիներ որևէ այլ գործիչ, որը կունենար վերը շարադրված փորձը և հեղինակությունը, կսատարեի նաև նրան: Բայց չկա, և մենք չունենք ևս 10 տարի, որպեսզի սպասենք այդ գործչի կամ գործիչների ի հայտ գալուն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն