«Միջանցքի» ծրագրերն առաջ տանելու փորձերն ունեն քողարկված նպատակներ. ՏԿԵՆ փոխնախարար
Արտատարածքային «միջանցքի» տրամաբանություն ունեցող ծրագրերի առաջ տանելու փորձերն ունեն քողարկված օրակարգ և տարածքային նկրտումներ Ժնեւում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Ժնեւում կայացած Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ նստաշրջանում։
Փոխնախարարն արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակների կողմից
արտատարածքային միջանցքի վերաբերյալ հիշատակումներին՝ վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է հիմնված լինի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։
Արմեն Սիմոնյանը կոմիտեի անդամներին ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ խոսելով այդ ծրագրի երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների մասին։
Փոխնախարարը նշել է, որ Հայաստանը, որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, առաջնային է համարում տարածաշրջանում ներառական կապակցվածության, բաց սահմանների, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ապահովումը։
Նշվել է նաև, որ այս ծրագրի իրականացումը կարող է ամբողջությամբ փոխել Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում փոխգործակցության տրամաբանությունը՝ վերափոխելով երկրների տնտեսությունները և դրանք դարձնելով առավել դիմակայուն, ասված է ՏԿԵՆ հաղորդագրության մեջ։