Պատերազմն Ուկրաինային արժեցել է 320 միլիարդ դոլար, որից 120 միլիարդը վճարել են ուկրաինացիները. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի համաձայնել նախորդ օրը Դոնալդ Թրամփի ներկայացրած տվյալների հետ։
«Մենք Կիևին տրամադրել ենք, կարծես թե, 350 միլիարդ դոլար։ Գուցե մի քիչ պակաս, բայց դա զգալի գումար է»,- ասել է ԱՄՆ նախագահը, նաև բողոքել, որ Վոլոդիմիր Զելենսկին չգիտի՝ ուր է Կիևին տրամադրված ֆինանսական միջոցների կեսը: «Դրանց հետ կապված որևէ զեկույց չեմ տեսել: Ուր են գնում մեր միլիարդավոր դոլարները»,- մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգների ղեկավարը:
Զելենսկու խոսքով՝ այդ տվյալները ճիշտ չեն։ «Կարծում եմ, որ պետք է դա պարզենք: Մենք ունենք բացարձակ թվեր. պատերազմը մեզ վրա արժեցել է 320 միլիարդ, որից 120 միլիարդը տվել ենք մենք՝ Ուկրաինայի ժողովուրդը, 200 միլիարդը՝ Ուկրաինան և ԵՄ-ն: Մենք խոսում ենք զենքի մասին՝ 320 միլիարդ սպառազինության փաթեթի։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն, եթե առանձին հաշվենք, մեզ տվել է մոտ 67 միլիարդի զենք, գումարած 31,5 միլիարդ ֆինանսական օգնություն բյուջեին»,- ասել է Զելենսկին մամուլի ասուլիսում։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ 2025 թվականի հունվարի 20-ի դրությամբ, այսինքն՝ մինչ Թրամփի երդմնակալությունը, Ուկրաինայում պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգները Կիևին տրամադրել է մոտ 69,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։
Միաժամանակ միջազգային հարաբերությունների հարցերով ամերիկյան հեղինակավոր վերլուծական խորհուրդը (Council on Foreign Relations) լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինային տրամադրված ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը գնահատել է 175 մլրդ դոլար: