Կենտրոնական բանկն առաջիկա մի քանի տարում առևտրային բանկերին առաջարկում է խստացնել հիպոթեքային վարկավորման ու կառուցապատման ոլորտի կազմակերպություններին տրվող վարկերի վերլուծությունը։ ԿԲ-ն ցանկանում է նաև ուժեղացնել վարկերի վերակառուցման մոնիտորինգը։ Սա բնավ չի նշանակում, որ որևէ սահմանափակում կամ խստացում է նախատեսվում վարկավորման պայմաններում, «Ռադիոլուրին» ասել են Կենտրոնական բանկից։ ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության ու լիցենզավորման դեպարտամենտի տնօրեն Վահան Ավետիսյանը նշել է, որ վերջին երեք տարում 30 տոկոսով աճել են հիպոթեքային ու կառուցապատողներին տրամադրվող վարկերի ծավալները։

Մանրամասն վերլուծել ռիսկերը, ավելի մեծ ուշադրություն դարձնելով հիպոթեքային վարկավորմանն ու կառուցապատողներին տրամադրվող վարկերին։ ԿԲ–ից վստահեցնում են, որ պարբերաբար աշխատում են վերահսկողական գործառնությունների թափանցիկության մեծացման ուղղությամբ։ Միջնաժամկետում հերթական նախաձեռնությունը ռիսկերի վերլուծությանն է ուղղված։ ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության ու լիցենզավորման դեպարտամենտի տնօրեն Վահան Ավետիսյանը մանրամասնում է՝ բանկային համակարգում ռիսկերն ավելի խորացված գնահատելը ապագային միտված քայլերից է․

 «Սա, ըստ էության, առաջին փորձն է, որը միջնաժամկետում կիրականացնեն։  Բանկային համակարգի հետ համատեղ ենք նախանշում  ռիսկերը։ Ավելի մեծ ջանքեր պետք է գործադրենք ապագայում այդ ռիսկերը ավելի մեծ չափով կառավարելու համար»։

Վահան Ավետիսյանը ընդգծում է՝ սա չի նշանակում, որ էական խնդիրներ կան, քանի որ բանկային համակարգը կայուն է, իրացվելի ու վճարունակ։ Այլ ուղղություններով ևս վերահսկողություն է կատարվելու։

 «Սա չի նշանակում, որ որևէ շուկայում, կամ կոնկրետ՝ հիպոթեքային վարկավորման շուկայում պայմանները կխստանան կամ սահմանափակումներ կլինեն։ Ընդհակառակը, ինչպես գիտեք, վերջին 3 տարում շինարարության ու հիպոթեքային վարկերի տարեկան մոտ 30 տոկոս աճ է արձանագրվում։ Մեր նպատակն է, որ բանկերը ունենան դրանց ռիսկերը համարժեք կլանելու կարողություն»։

2015-2025 թթ Հայաստանում հիփոթեքային վարկավորման պորտֆելն աճել է 7 անգամ՝ հասնելով 1 տրլն 423 մլրդ դրամի (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 3 մլրդ 576 մլն դոլար)։ Հիպոթեքային վարկավորման ծավալները շարունակեցին աճել նաև 2024–ին։ Սա, ինչպես ԿԲ–ում, այնպես էլ փորձագիտական դաշտում պայմանավորում են նրանով, որ Երևանում հունվարից չեղարկվել է առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելիս եկամտային հարկի վերադարձի դրույթը։ Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը վստահ է, որ առաջիկա տարիներին Երևանում իրականացվող շինարարությունը կշարունակվի․

 «Նոր նախագծերը, նոր շինարարական աշխատանքները կսկսեն թուլանալ, բայց մարզերում սպասվում է, որ տեմպը նույնը կմնա, կամ կարագանա»։

Երևանին դեռ ժամանակ է պետք, որ շինարարական բումը հանդարտվի, կարծում է տնտեսագետը։ 2000–ականների փորձը հաշվի առնելով, տնտեսագետը մտավախություններ ունի․

 «Ռիսկերը կան նաև այժմ, բայց դրանք կառավարելի են։ Շինարարության մեծ ծավալները 2023-2025-ին կշարունակվեն։ Կարող ենք ասել, որ շինարարության ծավալները կդառնան տնտեսական ընդհանուր աճին համապատասխան, հարմոնիկ կլինեն։ Երևանում շինարարական բում չենք սպասում, քանի որ եկամտահարկի վերադարձը այլևս չկա»։

 Փորձագիտական դաշտում էլ այս պահին ռիսկեր չեն տեսնում։ Վստահ են, որ բանկերը իրացվելի են, իսկ ֆինանսական համակարգը՝ կայուն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն