ԱԽ քարտուղարը՝ Ազգային անվտանգության ռազմավարության անհրաժեշտության առաջացման մասին
Ազգային անվտանգության ռազմավարության անհրաժեշտությունն առաջացել է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքային հանձնաժողով ստեղծվելու որոշմանը, որի համակարգողը ԱԽ քարտուղարն է:
Անդրադառնալով հարցին, թե ինչու նման անհրաժեշտություն առաջացավ, և թե որ ուղղություններով է վերանայում լինելու, ԱԽ քարտուղարը պատասխանեց՝ այս պահին չի կարող ասել, թե որ ուղղություններով են վերանայումներ լինելու, որովհետև հիմնական քննարկումները, որոնք եղել են մինչև այս պահը, աշխատակարգի, կանոնակարգի մասին են եղել:
«Երբ ազգային անվտանգության նախորդ ռազմավարությունը պատրաստվել և հրապարակվել էր 2020 թվականի ամռանը, դրանից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի շուրջ: Նաև այդ փոփոխությունների դինամիկան հաշվի առնելով՝ մենք որոշ ժամանակ սպասել ենք, սպասելուց հետո որոշակի հստակեցումներ ունենալով՝ որոշել ենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն ունենալ»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ աշխատանքների մեկնարկը կարելի է համարել տրված:
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին: Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: