Երուսաղեմում քրիստոնյա առաջնորդները պահանջում են անհապաղ միջամտել Հայոց պատրիարքության գույքի բռնագրավման փորձին
Երուսաղեմում քրիստոնեական եկեղեցիների հոգեւոր առաջնորդները դատապարտել են Հայոց պատրիարքության գույքի բռնագրավման որոշումն ու անհապաղ միջամտություն պահանջել։
Հայոց պատրիարքությունը պատմական սեփականությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնած քաղաքային հարկերի պարտքի պատճառով։ Ենթադրվում է, որ այն կուտակվել է 1994 թվականից։ Եթե դատարանը փետրվարի 24-ին մերժի պատրիարքության վերաքննիչ բողոքը, քաղաքապետարանը կբռնագանձի եւ աճուրդի կհանի Հայոց եկեղեցու ունեցվածքը։
«Մենք՝ Երուսաղեմի պատրարքներս ու եկեղեցիների հոգեւոր պետերը մեծ մտահոգությամբ մեր զորակցությունն ենք հայտնում Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը Երուսաղեմի քաղաքապետարանի անարդար բռնագանձման հրամանի կապակցությամբ եւ արդարադատություն պահանջում»,- ասված է հայտարարության մեջ։
Սուրբ քաղաքի հոգեւոր առաջնորդները Հայոց պատրիարքարանի դեմ ձեռնարկված գործողությունները «իրավաբանորեն կասկածելի եւ բարոյապես անընդունելի» են որակում։
Նրանք մտահոգություն են հայտնում, որ այսպիսով ստեղծվում է վտանգավոր նախադեպ, որը կարող է սպառնալ Երուսաղեմում քրիստոնեական բոլոր հաստատություններին։
«Այս գործողությունները խարխլում են կրոնի ազատությունը, որ բոլոր մյուս իրավունքների հիմքն է, քանի որ գույքի բռնագրավումով փորձ է արվում վտանգել Հայոց եկեղեցու գոյությունը՝ զրկելով նրան գործունեության անհրաժեշտ տնտեսական միջոցներից եւ հայ համայնքին՝ իր եկեղեցու հովվական խնամքից»,- հայտարարել են Երուսաղեմում քրիստոնեական եկեղեցիների հոգեւոր առաջնորդները։