ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել Ուկրաինայում պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել Ուկրաինայում պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ: Այն ներկայացրել են Ուկրաինան և եվրոպական երկրները:
Փաստաթուղթը ապաէսկալացիայի, ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման կոչ է արել: Բանաձևով Մոսկվայից պահանջվում է «անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն» դուրս բերել բոլոր զորքերը Ուկրաինայի տարածքից և միակողմանիորեն դադարեցնել ռազմական գործողությունները։
Բանաձևին կողմ է քվեարկել 93 երկիր, 18 երկիր դեմ է արտահայտվել, 65 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, ձեռնպահ է մնացել:
Միաժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էլ ընդունել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին ամերիկյան բանաձևը: Նախագծին աջակցել է 10 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, դեմ է քվեարկել հինգ երկիր։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից ոչ մեկը վետո չի կիրառել։ Բանաձևում Ռուսաստանի և այլ երկրների առաջարկած փոփոխությունները չեն ընդունվել։
Ավելի վաղ Վաշինգտոնը նույն բանաձևը ներկայացրել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա։ Այնտեղ ևս բանաձևն ընդունվել է, սակայն եվրոպական երկրների առաջարկած ուղղումներով, որոնցով դատապարտվել են ՌԴ գործողություններն Ուկրաինայում։