Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ օգոստոսի 16–ին,  հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ: Վերջինս ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ լրատվական ծառայությունից, խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել հայ եւ վրացի ժողովուրդների միջեւ առկա հարաբերությունները եւ շնորհակալություն է հայտնել Գիորգի Սագանելիձեին՝ դիվանագիտական ծառայության ընթացքում այդ ուղղությամբ կատարած սերտ աշխատանքի համար:

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին փոխշահավետ ու արդյունավետ համագործակցության համար:

Գիորգի Սագանելիձեն ընդգծել է, որ հայ-վրացական փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, եւ Վրաստանը կարեւորում է մեր երկրի հետ փոխշահավետ համագործակցությունը: Ըստ նրա՝ երկու երկրներն այդ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն:

Ալեն Սիմոնյանն առանձնահատուկ կարեւորել է հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ Վրաստանի իշխանությունների միջնորդությունը եւ հույս հայտնեց, որ հետագայում եւս Վրաստանն այդ հարցում կցուցաբերի իր օժանդակությունը:

Այդ համատեքստում նա ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը:

Դեսպանը եւս կարեւորել է տարածաշրջանում խաղաղության գործոնը: Նա նշել է, որ մեր երկրից հեռանում է ջերմ հուշերով՝ մնալով Հայաստանի բարեկամը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն