Գերմանիայի հավանական ապագա կանցլեր Մերցը հանդիպել է Մակրոնի հետ. DW
Բունդեսթագի արտահերթ ընտրությունում հաղթած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքից Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ գրում է DW-ն։
X-ի իր միկրոբլոգում Մերցը գերմաներեն և ֆրանսերեն գրել է. «Հարգելի Էմանուել Մակրոն, շատ շնորհակալ եմ ձեր բարեկամության և գերմանա-ֆրանսիական հարաբերությունների հանդեպ վստահության համար: Միասին մեր երկրները կարող են մեծ հաջողությունների հասնել հանուն Եվրոպայի»:
Մերցի և Մակրոնի միջև Ելիսեյան պալատում երեք ժամ տևած զրույցից հետո քաղաքական գործիչները «ցույց տվեցին գերմանա-ֆրանսիական հարաբերություններում նոր էջ սկսելու կամք»՝ հայտարարել է ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը: Նշվում է նաև, որ «բանակցություններն անցել են բարեկամական մթնոլորտում, մի շարք թեմաների շուրջ ձեռք է բերվել մեծ համաձայնություն, և բազմաթիվ ելակետեր են գտնվել համատեղ նախաձեռնությունների համար»։
Ֆրանսիական կողմը դեռ չի մեկնաբանել հանդիպումը, սակայն dpa գործակալությունը ենթադրում է, որ Մակրոնի և Մերցի զրույցի թեմաներից մեկը եղել է եվրոպական պաշտպանությունը։ Փետրվարի 24-ին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Մակրոնին։ Երկու ղեկավարների զրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հասկացրել է, որ անհրաժեշտ է համարում ԵՄ-ին ավելի ակտիվ ներգրավել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու բանակցություններում։
Մարտի 6-ին պետք է կայանա ԵՄ արտահերթ գագաթնաժողովը, որտեղ նախատեսվում է քննարկել Ուկրաինային հետագա աջակցության, ինչպես նաև Եվրամիության պաշտպանունակության ամրապնդման միջոցները: