Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունների ֆոնին Թեհրանում Թուրքիայի դեսպանին հրավիրել են Իրանի արտգործնախարարություն: Հանդիպման ընթացքում Իրանի արտգործնախարարի օգնականն ընդգծել է երկկողմ հարաբերություններին վնաս պատճառող հայտարարություններից խուսափելու անհրաժեշտությունը:

Թեհրանում Թուրքիայի դեսպանն էլ վերահաստատել է Անկարայի դիրքորոշումը Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման և ընդլայնման հարցում: 

Ավելի վաղ Հաքան Ֆիդանը Al Jazeera-ի հետ հարցազրույցում Իրանին մեղադրել էր հարևան երկրներում տարբեր ուժերին աջակցելու համար: 

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին արձագանքել էր Ֆիդանի հայտարարությանը:

«Վերջին շրջանում Թուրքիայից հնչած հայտարարությունները, ցավոք, կառուցողական չեն, ուստի անհրաժեշտ էր, որ Իրանը հստակ և վճռական դիրքորոշում արտահայտեր այս հարցում։ Թուրքիայի մեր ընկերները պետք է ավելի խորությամբ մտածեն այն հետևանքների մասին, որոնք ազդել են իրենց քաղաքականության վրա։ Իրանի, Թուրքիայի և այլ երկրների ուշադրության կենտրոնում պետք է լինի անվտանգ և առանց տարաձայնությունների տարածաշրջան ձևավորելու նպատակը։ Մենք համոզված ենք, որ Թուրքիան ևս գիտակցում է երկկողմ հարաբերությունների պահպանման և ամրապնդման կարևորությունը՝ երկու ժողովուրդների ազգային շահերից ելնելով։ Հուսով ենք, որ կշարունակենք այս ճանապարհը համատեղ ջանքերով»,- նշել է իրանցի պաշտոնյան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն