Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանից Նախիջևան տարանցիկ երթուղու հետ կապված իրավիճակի վերաբերյալ՝ Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին, որը, ըստ ՀՀ վարչապետի, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապուղիները և տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին է:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումն այս համատեքստում շատ կարևոր թեմա է: Եվ, իհարկե, այս համատեքստում կարևոր են նաև Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ կամ արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևան և Հայաստանի Հանրապետությունից Ադրբեջանի, ավելի ճիշտ՝ Նախիջևանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային կապի վերականգնումը»,- ասել է նա՝ ընդծելով, որ խնդիրը պետք է լուծվի երկրների տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության հարգմամբ:

Նախագիծը, ինչպես նշել է վարչապետը, շատ դրական ազդեցություն կունենա նաև Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, որովհետև և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկարողանան միմյանց տարածքներն օգտագործել միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների համար։

«Այսօր միջազգային փոխադրման գլոբալ ճգնաժամ կա, որը պայմանավորված է այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ Եվ այսօր ահռելի մեծ ծավալի բեռներ սպասում են հնարավորության արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ հոսելու համար, և եթե մեր տարածաշրջանային այս տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները բացվեն, այդ բեռնափոխադրումների ծավալն այնքան մեծ է, որ նույնիսկ և՛ Հայաստանի, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության, և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի տարածքով ենթակառուցվածքները չեն բավարարի այդ ամբողջ հոսքը սպասարկելու համար: Սա նաև տարածաշրջանային համագործակցության ենթակառուցվածքային նոր նախագծերի մասին մտածելու շատ մեծ հնարավորություն է տալիս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն