Գազայի էլեկտրաէներգիան անջատելու Իսրայելի որոշումը ՄԱԿ-ում «ցեղասպանություն» են անվանել
Գազայի հատվածի էլեկտրաէներգիան անջատելու ֆոնին պատժամիջոցների բացակայությունը և Իսրայելին զենքի շարունակական մատակարարումը նշանակում է մեղսակցություն պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությանը: Այսպիսի հայտարարություն է արել Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։
X-ում հրապարակված մեկնաբանության մեջ նա Գազայի հատվածում էլեկտրաէներգիան անջատելու Իսրայելի որոշումը ցեղասպանություն է անվանել: «Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելը նշանակում է, ի թիվս այլ բաների, դադարեցնել թորման կայանների աշխատանքը և, հետևաբար, մաքուր ջրի մատակարարումը»,- ընդգծել է նա՝ նշելով նաև, որ «Իսրայելի դեմ պատժամիջոցների բացակայությունը և այդ երկրին զենքի մատակարարման էմբարգոն, ի թիվս այլ բաների, նշանակում է աջակցություն ցեղասպանության իրականացմանը»:
Կիրակի՝ մարտի 9-ին, Իսրայելի Kan պետական հեռուստաընկերությունը հայտնել էր, որ էներգետիկայի նախարար Էլի Քոհենը հրամայել է դադարեցնել Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Kan-ը նշել էր, որ Իսրայելը էլեկտրաէներգիա է մատակարարել Գազային՝ անկլավի կենտրոնական մասում թորման կայանը գործարկելու համար, սակայն Գազայում էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է գեներատորների միջոցով, որոնց վառելիքը Գազայի հատված մեկ շաբաթ է չի մատակարարվում։
Մեկ շաբաթ առաջ՝ մարտի 2-ին, Իսրայելը արգելափակել է մարդասիրական օգնության մատակարարումները Գազա, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել անկլավում հրադադարի շուրջ բանակցությունները շարունակելու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքովի ծրագիրը։