Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում, որի ընթացքում եվրոպացի պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնել Բաքվում պահվող հայ կալանավորների վիճակի վերաբերյալ։

Ռումինիան ներկայացնող եվրապատգամավոր Վասիլե Դինչուն հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալների վիճակը մեծ հարցականի տակ է դնում արդարությունը, կայունությունը և խաղաղությունը Կովկասում։

«Երբ խոսքը վերաբերում է Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, Եվրախորհրդարանը երբեք չի շեղվել իր սկզբունքներից: Այն միշտ աջակցել է Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը։ Մենք մի քանի բանաձև ենք ունեցել անցյալ տարվա մարտին և հոկտեմբերին»,- նշել է նա։

Դինչուն կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, մասնավորապես՝ նրանց, ովքեր ներգրավված են «այդ դատական չարաշահումներում»։

Պորտուգալիան ներկայացնող Կատարինա Վիեյրան հայտարարել է, որ Ադրբեջանը կանգնած է մարդու իրավունքների խորը ճգնաժամի առաջ։

«Ադրբեջանի կառավարությունը խիստ սահմանափակումներ է մտցրել արտահայտվելու, հավաքների և միավորումների ազատության համար, ինչպես նաև իրավապահ համակարգը զենք է դարձրել իր քննադատների դեմ:

Բաքվում պահվող հայերն այն խմբերից են, որն ամենաշատն են տուժել այդ կառավարության քաղաքականությունից: Վատ վերաբերմունքը համատարած է, իսկ արդար դատավարությունները դարձել են պատրանք»,- նշել է եվրապատգամավորը։

«Ժամանակն է, որ մարդու իրավունքները գերադասենք էժան նավթից և գազից»,-եզրափակել է Կատարինա Վիեյրան։

Եվրամիությանն ուղղված հայ ժողովրդի խնդրանքներին պետք է ուշադրություն դարձնել, հայտարարել է իտալացի պատգամավոր Մասիմիլիանո Սալինին։

Նա նշել է, որ Ադրբեջանն անխռով շարունակում է բռնությունները հայ ժողովրդի դեմ։

«2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ռազմական ներխուժումից և 100 հազար քաղաքացիների արտաքսումից հետո մենք այժմ տեսնում ենք Հայաստանի 23 քաղաքացիների այս անօրինական կալանավորումները և ոչ թափանցիկ դատավարությունները»,- ասել է նա։

Սալինիի խոսքով՝ հայերի նկատմամբ նման հարձակումների պատճառը երկուսն են՝ աշխարհագրական դիրքը (որը բաժանում է Թուրքիային և Ադրբեջանին) և քրիստոնյա լինելը։

«Եվրամիությանը ուղղված հայ ժողովրդի խնդրանքներին պետք է ուշադրություն դարձնել։ Մենք՝ եվրոպացիներս, պետք է որոշենք՝ ուզո՞ւմ ենք ադրբեջանցիների հետ վարվել այնպես, ինչպես ռուսների հետ: Մենք պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանենք և պահանջենք ազատ արձակել ապօրինի կալանավորված 23 անձանց»,- ասել է նա։

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է, որ ԵՄ հանձնաժողովը հետևում է այս տարվա հունվարի 17-ից Բաքվի զինվորական դատարանում ընթացող դատավարություններին:

«Ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է ապահովվի և հարգվի»,- շեշտել է հանձնակատարը՝ հավելելով, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը նույնպես ուշադիր հետևում է զարգացումներին և Բրյուսելի մտահոգությունները փոխանցում Ադրբեջանի իշխանություններին։

«ԵՄ-ն կշարունակի կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են պատշաճ գործընթացի և արդար դատավարության իրավունքները: Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանին կոչ անելու՝ կալանավորների համար ապահովել արժանապատիվ և անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է անհապաղ և անաչառ հետաքննվեն»,- ընդգծել է Յորգենսենը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն