Գազայում վերջին չորս օրում զոհվել է շուրջ 600 մարդ, այդ թվում՝ 200 երեխա
Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերսկսված ռազմական գործողությունների չորս օրվա ընթացքում, ըստ վերջին տվյալների, զոհվել է 591 մարդ, վիրավորվել՝ 1042-ը։ Գազայի հատվածում ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ Ռոզալիա Պաուլինը հայտնել է, որ մարտի 18-ից ի վեր անկլավում սպանվել է ավելի քան 200 պաղեստինցի երեխա։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Տեղեկությունների համաձայն՝ Գազայի հատվածում զոհված երեխաների, կանանց և տարեցների թիվը կազմել է զոհերի ընդհանուր թվի 70%-ը։
ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հայտարարել է, որ պաղեստինյան անկլավում իրավիճակն աղետալի է, իսկ բնակչությունը տառապում է սարսափելի պայմաններում:
Իսրայելական ուժերն առաջ են շարժվել դեպի Գազայի հատվածի հարավում գտնվող Թել ալ-Սուլթան թաղամասի արևմտյան ճամբար: Նրանց ուժգին գնդակոծության թիրախ են դարձել Գազայի հատվածի հարավում գտնվող Խուզաա և Աբասան քաղաքները, Ալ-Մաղազի ճամբարը։ Հարձակումների են ենթարկվել նաև Արևմտյան ափի մի շարք շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն արաբներին և մուսուլմաններին կոչ է արել շտապ գործողություններ ձեռնարկել Գազայի վրա ագրեսիան դադարեցնելու համար։
Մարտի 18-ից Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է լայնածավալ ռազմական գործղությունները Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը ռազմական գործողությունների վերսկսումը բացատրել է նրանով, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է միջնորդների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի կողմից բանակցությունների ընթացքում ներկայացված առաջարկները։
ՀԱՄԱՍ-ն իր հերթին ռազմական գործողությունների վերսկսման համար մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ շարժումը «մինչև վերջին պահը պահպանել է հրադադարի համաձայնագիրը»: