Չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմի՝ ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկություններին՝ ընդհանուր առմամբ ամբողջ տարվա ընթացքում պահպանվել է հարաբերականորեն կայուն օպերատիվ իրադրություն: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Անդրադառնալով պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործման մասով աշխատանքներին՝ նախարարը զեկուցեց, որ 2024-ին ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը՝ ընդգրկելով մի քանի անգամ ավելի պահեստազորայիններ: Կազմավորվել է նաև տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարություն, հաստատվել է դրա կանոնադրությունը:

«Մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով, ըստ Պապիկյանի, 2024-ի ծրագրում առաջնահերթությամբ ընդգրկվել է 172 զինծառայող, ևս 328-ն ընդգրկվել են վիճակահանության արդյունքներով:

«Բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով 309 զինծառայողի հատկացվել է կանխավճար, որոնցից արդեն վարկային պայմանագրեր են կնքել 233-ը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ պետբյուջեի հաշվին 68 զինծառայողի տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր, և 53 զինծառայող արդեն ձեռք է բերել բնակարան:

Նախարար Պապիկյանը զեկույցի այլ մանրամասներ հանձնաժողովի անդամներին կներկայացնի փակ նիստի շրջանակում: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն