Կիևի համար անսպասելի էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկը՝ հսկողության տակ վերցնել ուկրաինական ատոմակայանները։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ Վաշինգտոնն ու Կիևը նախկինում չեն քննարկել ատոմակայանների հարցը։ Ուկրաինայի էներգետիկայի նախկին փոխնախարար Ալեքսեյ Ռյաբչինը հայտարարել է, որ միջուկային էներգետիկ ենթակառուցվածքը ներառված չի եղել ԱՄՆ-ի կողմից կարևոր օգտակար հանածոների հասանելիության վերաբերյալ գործարքի շուրջ նախորդ բանակցություններում, և որ այդ հարցը Կիևում զարմացրել է շատերին:

Ինչպես նշում է The Washington Post-ը, Սպիտակ տունը և պետքարտուղարությունը չեն արձագանքել թերթի խնդրանքին, թե արդյոք Թրամփը քննարկել է ատոմակայանների թեման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ։

Ավելի վաղ Վաշինգտոնը Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կարող է օգնել Ուկրաինային իր ատոմակայանների շահագործման հարցում։ Փաստաթղթում ասվում է, որ այդ կայանների ամերիկյան սեփականությունը կլինի այս ենթակառուցվածքի համար լավագույն պաշտպանությունը։ Բոլոր հայտարարություններում Միացյալ Նահանգները հոգնակի թվով է օգտագործում  «ատոմակայան» տերմինը։ Զելենսկին իր հերթին պնդում է, որ խոսքը միայն Զապորոժիեի ատոմակայանի մասին է, որը գտնվում է Զապորոժիեի շրջանի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն