ԱԺ-ում մեկնարկել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննարկումը
Խորհրդարանում մեկնարկեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննարկումը:
Միջնորդությունը ներկայացնելու համար ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Վերջինս ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ ներկայացրեց ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
Վարդապետյանը հայտնեց՝ միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է ԱԺ և հրապարակված է ԱԺ կայքում:
Հովիկ Աղազարյանի մասով որոշումը՝ այստեղ:
Նրա խոսքով՝ քրեական վարույթի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սլավիկ Կարապետյանն իր կնոջ հոր՝ Աշոտիկ Կամավոսյանի խնդրանքով, 2023 թվականի օգոստոսի 8-ին դիմել է իր մտերիմ Սլավիկ Պողոսյանին, որպեսզի նա իր հերթին դիմի պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչին 200-300 հազար դոլար գումարի դիմաց՝ օգտագործելու ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը, վերջինների կողմից իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով Աշոտիկ Կամավոսյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելուն, այն է՝ առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք՝ միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը:
Ընդ որում՝ ընկերության տնօրենը 8 հազար դոլարով Աղազարյանի ընկերուհու համար մատանի ու հեռախոս է գնել: