Թրամփը՝ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի խոսքերի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «շատ զայրացած է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, քանի որ նա քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ կասկածի տակ դնելով նրա հեղինակությունը։
Ուրբաթ Պուտինն առաջարկել էր Ուկրաինան վերցնել ՄԱԿ-ի ժամանակավոր վերահսկողության տակ՝ մինչև «իրավասու կառավարություն» ընտրելը։ Վաշինգտոնը մերժել է առաջարկը, մինչդեռ Պուտինը կրկին թիրախավորել է Ուկրաինայի կառավարությունն ու Զելենսկուն, որին Կրեմլը շարունակում է մեղադրել «ոչ լեգիտիմության» համար:
ԱՄՆ նախագահը սպառնացել է «երկրորդային մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից ստացվող ամբողջ նավթի վրա»։ Նա նաև նշել է, որ պատրաստ է արգելել ընկերություններին բիզնեսով զբաղվել ԱՄՆ-ում, եթե նրանք «նավթ են գնում Ռուսաստանից»։
Ինչևէ, Թրամփը լավատեսորեն է տրամադրված և հույս ունի, որ Պուտինն իր խոսքի տերը կլինի և Ուկրաինայի հետ կպայմանավորվի հրադադարի հարցի շուրջ:
ԱՄՆ նախագահ հայտարարել է, որ ինքն ու Ռուսաստանի նախագահը պլանավորում են առաջիկա շաբաթվա ընթացքում հերթական զրույցն անցկացնել: Թրամփը հավաստիացրել է, որ չնայած Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված իր դժգոհությանը, «շատ լավ հարաբերություններ է պահպանում Պուտինի հետ»: