Չեմ բացառում, որ առաջիկայում ևս մեկ փոփոխություն կանենք՝ որոշակի լուծումներ առաջարկելով կենսաթոշակառուների մասով. Թունյանը՝ հայտարագրերի վերջնաժամկետների վերաբերյալ քննարկմանը
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանը տեղեկացրեց՝ որոշ փոփոխություններ են արվել նախագծի մեջ: Նախագծով առաջարկվում է հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետների փոփոխություն:
Նրա խոսքով՝ քանի որ համաքաղաքացիների մոտ թյուրընկալում է ձևավորվել, թե նախագիծն ում է վերաբերում, կփորձի ևս մեկ անգամ պարզաբանել՝ ինչի մասին է խոսքը:
«Նախագծի ընդունման արդյունքում բոլոր այն քաղաքացիները, որոնք հայտարարագիր են լրացնում այս տարի՝ նախորդ տարվա եկամուտների համար, բոլորն անխտիր, խոսքը վերաբերում է ֆիզիկական անձանց, իրենց համար վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը: Կապ չունի՝ մարդն առաջին անգամ է լրացնում, թե երկրորդ, նրանց բոլորի համար վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը:
Նույնկերպ, ովքեր այս տարվա եկամուտների համար հայտարարագիրը լրացնելու են հաջորդ տարի, իրենց համար նույնպես վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը: Սկզբնաժամկետ է դառնում մարտի 2-ը:
Ընդհանրապես, դրանից հետո հայտարարագրերի ներկայացման ժամկետ դառնում է մարտի 2-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը:
Թունյանը պարզաբանեց՝ այս ժամանակահատվածն է ընտրվել հայտարարագրեր ներկայացնելու համար, քանզի կան տեղեկություններ, որոնք հարկային մարմիններին հասանելի են դառնում մարտի 1-ից հետո:
Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ չեն սահմանափակվելու այս տեղեկությամբ:
«Առաջիկայում չեմ բացառում, որ ևս մեկ փոփոխություն կանենք՝ մինչև տարեվերջ փորձելով շտկել բոլոր այն տարընթերցումների տեղիք տվող դրույթները, ավելի պարզեցնել այս կարգավորումները և որոշակի լուծումներ առաջարկել նաև կենսաթոշակառուների մասով»,- հայտնեց նա:
Թունյանը խնդրեց գործընկերներին կողմ քվեարկել նախագծին, որպեսզի մինչև մայիսի 1-ը նախագիծն արդեն ուժի մեջ մտած լինի: