Կատարը նախագահ Թրամփին «Թռչող պալատ» կոչվող ինքնաթիռ կնվիրի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Կատարի թագավորական ընտանիքի կողմից որպես նվեր ընդունել շքեղ Boeing 747-8 ինքնաթիռը։ ABC News-ը՝ հղում անելով աղբյուրներին, ենթադրում է, որ Թրամփն այն կօգտագործի որպես նախագահական ինքնաթիռ։
Նվերի մասին, ինչպես սպասվում է, կհայտարարվի հաջորդ շաբաթ, երբ ԱՄՆ նախագահը կայցելի Կատար, սակայն «Թռչող պալատ» անվանումը ստացած ինքնաթիռի հանձնումը տեղի չի ունենա այցի ընթացքում։
Սպիտակ տան խորհրդական Դևիդ Ուորինգթոնը և արդարադատության նախարարության փորձագետները նշում են, որ նվիրատվությունը տեխնիկապես չի խախտի կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրությունը, եթե այն գրանցվի պաշտպանության նախարարությունում և նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին փոխանցվի Թրամփի գրադարանին, որպեսզի նա կարողանա շարունակել օգտագործել այն։
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսական Ռիչի Թորեսը պահանջել է հետաքննություն սկսել նվիրատվության հարցով:
«400 միլիոն դոլար արժողությամբ «օդային պալատը» կլինի ամենամեծ նվերը, որը երբևէ տրվել է նախագահին օտարերկրյա կառավարության կողմից»,- ասել է Թորեսը՝ պահանջելով անհապաղ խորհրդատվական եզրակացություն այն մասին, թե արդյոք նման նվերը չի խախտում էթիկայի դաշնային կանոնները կամ ԱՄՆ Սահմանադրությունում ամրագրված պարգևատրման մասին դրույթը:
Օդանավը ստանալուց հետո Պենտագոնը նախ պետք է այն վերասարքավորի նախագահի օգտագործման համար՝ հաշվի առնելով անվտանգության պահանջներն ու փոփոխությունները։
Նախագահական ինքնաթիռի փոխարինումը վաղուց Թրամփի համար առաջնահերթություն էր։ Boeing-ը աշխատում է երկու 747-երը նոր սերնդի նախագահական ինքաթիռի վերափոխելու ուղղությամբ, սակայն գործընթացը ձգձգվել է: Դրանց մատակարարումը նախատեսվում էր մինչև 2022 թվականը, բայց այժմ սպասվում է 2027-ից ոչ շուտ:
Ներկայումս օգտագործվող երկու նախագահական ինքնաթիռները գործում են գրեթե 35 տարի՝ սկսած նախագահ Ջորջ Բուշ ավագի կառավարումից, հաղորդում է CNN-ը։