Հրմշտոց ԱԺ-ում. Հակոբ Արշակյանը և Լևոն Քոչարյանը վիճեցին
Ասեմ, թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին: Մարդիկ ասում են՝ հայրը թուրք է, բայց մենք երբեք այստեղից նման բան չենք ասում: Անունն էլ են ասում: Ասում են՝ անհայրենիք դավաճան են, Արցախը լքել են: Պատերազմական վիճակում Արցախը թողել են, ընտանիքով թողել գնացել են: Մի կոպեկ ո՛չ Ղարաբաղի, ո՛չ ղարաբաղցու համար ոչինչ չեն արել: Ասում են՝ դրանք անհայրենիք դավաճաններ են: Բայց մենք նման բան այստեղից չենք ասում, պահպանում ենք կոռեկտության սահմանները: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 14-ի նիստին ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթի շրջանակում իշխանությանն ուղղված մեղադրանքներին:
Հակոբ Արշակյանի ելույթին տեղից արձագանքեց Լևոն Քոչարյանը, Հակոբ Արշակյանը պահանջեց տեղից չմիջամտել, ելույթը չխանգարել, հակառակ դեպքում` պատգամավորին «դուրս կշպրտի դահլիճից», ապա պահանջեց լքել դահլիճը: Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև հրմշտոց սկսվեց:
Հակոբ Արշակյանը շարունակեց ելույթը. «Ղարաբաղը հանձնելուց եք խոսում. Ղարաբաղը հանձնվել է ամեն մարդու՝ այնտեղից գնալով: Դուք խրախուսել եք, այնտեղից լիքը մարդ է գնացել, ընդ որում՝ Հայաստանում պաշտոններ է զբաղեցրել, մարդկանց փողոցներում ջարդել է, որպեսզի ժողովրդավարություն չլինի: Երկիրը ո՞նց են դավաճանում, դավաճանում են ընտրակեղծարարությամբ: Դավաճանությունից եք խոսում: Դավաճանում են ընտրակեղծարարությամբ, մարտի 1-ին մարդ գնդակահարելով, այդ գնդակահարումն արդարացնելով: Անգամ ցավակցական խոսք չեք ասել այդ ընտանիքներին:
Ժողովրդավարությունից եք խոսում, կոռուպցիայից եք խոսում, լու՞րջ, դուք դրա բարոյական իրավունքն ունե՞ք: Ղարաբաղից եք խոսում, ղարաբաղցի լինելով՝ լքել, թողել գնացել եք Ղարաբաղից»,- ասաց նա՝ առաջարկելով չխախտել քաղաքակրթության սահմանները: